HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վ. Աճեմյանի՝ 1944թ-ին բեմադրած «12-րդ գիշեր» կատակերգությունը Լենինականը վերածեց Շեքսպիրի 2-րդ հայրենիքի

1944թ-ի գարունն էր: Շեքսպիրի ծննդյան 380-ամյակի առթիվ Հայաստանում անցկացվում է թատերական փառատոն: Շեքսպիրյան 6-րդ փառատոնն էր դա, որի կենտրոնը դառնում է քաղաքամայր Երևանը: Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, մի՞թե այդքան հրատապ էր թատերական փառատոնի անցկացումը, երբ դեռ հանգուցալուծված չէր 2-րդ համաշխարհային պատերազմը: Այս հարցի պատասխանը կարող ենք ենթադրել՝ դիտարկելով պատերազմի ողջ ընթացքում ՍՍՀՄ-ի վարած մշակութային քաղաքականությունը թեկուզ միայն Մեծ թատրոնի օրինակով: 1941 թ-ի հոկտեմբերին Մոսկվայի օպերայի և բալետի թատրոնի հանրույթի մեծ մասն էվակուացվում է Կույբիշև, որտեղ սկզբնական շրջանում միայն համերգներ է տալիս, մինչև տեղ են հասնում թատերական դեկորացիաները: Այդ պահից սկսած վերականգնվում են խաղացանկում գտնվող հիմնական օպերային ներկայացումները՝ «Տրավիատա», «Աիդա», «Կարմեն», «Պիկովայա դամա», բալետային ներկայացումներից՝ «Կարապի լիճը», «Դոն Կիխոտ» և այլն: 

1942թ.-ի նոյեմբերի 8-ին, Կույբիշևում տեղի է ունենում Ջոակինո Ռոսսինի «Վիլհելմ Տել» օպերայի առաջնախաղը: Ներկայացման մասնակիցներն արժանանում են Ստալինյան պարգևի, որը փոխանցում են երկրի ռազմական պաշտպանության ֆոնդին: 1943թ-ին Մեծ թատրոնի արտիստները վերադառնում են Մոսկվա և սեպտեմբերի 26-ին թատերաշրջանը բացում Գլինկայի «Իվան Սուսանին» օպերայով: Մշակույթը, թերևս այն հզոր գործոնն էր, որ անպարտելիության, հաղթանակի գաղափարը պետք է վառ պահեր թիկունքում:  Պատերազմի ընթացքում համերգներ էին կազմակերպվում թե առաջնագծում, թե օրինակ՝ բլոկադայի մեջ գտնվող սովահար Լենինգրադում: Սա մշակութային հստակ ռազմավարություն էր, որի արտահայտություններից մեկն էլ եղավ Շեքսպիրյան փառատոնի կազմակերպումը Հայաստանում:  

«Գյումրու թատրոնը 1865-1965թթ.» գրքի հեղինակ, արվեստաբան, թատերագետ Ռազմիկ Մադոյանի համոզմամբ, շեքսպիրյան փառատոնն ընդունող երկիրն ընտրվել էր, ոչ թե նրա համար, որ հեռու էր ռազմական թատերաբեմից, այլ որ Հայաստանը Շեքսպիրյան ավանդույթներով հարուստ երկիր էր: 

«Եվ ինչպես «Կերպարը և դարաշրջանը» գրքում Յու. Յուզովսկին է գրել. «Շեքսպիրյան միտքը Հայաստանում իր նշանակությամբ և հետաքրքրությամբ հայկական հանրապետության սահմաններից հեռու է գնում»,- իր կարծիքն է հիմնավորում Ռ. Մադոյանը՝ շարունակելով,- և ոչ միայն այդ: Արևելքի բոլոր ժողովուրդների մեջ հայերն առաջինն էին, որ ծանոթացան մեծ բրիտանացու անմահ գործերին և հատկապես հրապուրվեցին նրա ողբերգություններով: «Համլետը» հայերեն թարգմանվել է 7 անգամ, «Օթելլոն» և «Հուլիոս Կեսարը»՝ 6, «Մակբեթը» և «Վենետիկի վաճառականը»՝ 5 անգամ: Ահա ինչու Հայաստանը դարձավ Շեքսպիրյան 6-րդ գիտական կոնֆերանսի և թատերական փառատոնի կենտրոնը: Եվ դա կարծես մի յուրատեսակ պատասխան էր անգլիական թատերական քննադատ Ստեֆան Էրվինին, որը սրտնեղելով Սովետական Միությունում Շեքսպիրի ժողովրդականությունից, կատաղի մոլուցքով ասում էր. «Մենք չենք կարող անտարբեր նայել, թե ինչպես ցածրահարկ մարդիկ մանրացնում են արվեստի ոսկյա դրամը, որը դրոշմել է պոետի սիրտը: Ու՞ր է մեզ մոտ Շեքսպիրը: Մենք հիրավի վախենում ենք բեմադրել Շեքսպիր»

Ըստ Մադոյանի, Սովետական Միությունում, այդ թվում՝ նաև Հայաստանում ոչ միայն Շեքսպիրից չէին «վախենում», այլև փնտրում էին նոր ուղիներ՝ նրա հանճարեղ երկերը ավելի բարձր արվեստով ու համոզչականությամբ բեմադրելու համար: Վեցերորդ փառատոնը հենց դրա վկայությունն էր: Հայաստանի բոլոր թատրոնները մասնակցեցին բեմարվեստի այդ տոնին: Մեծ հաջողություն գրանցեց Սունդուկյանի թատրոնը, որ հանդիսականի և հանձնաժողովի դատին հանձնեց «Համլետ» և «Օթելլո» ներկայացումները: Մռավյանցիներն ընտրել էին «12-րդ գիշերը կամ ինչ կամենաք» կատակերգությունը: 

1944թ-ի ապրիլի 28-ն էր: Լենինական էին ժամանել փառատոնի հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները: «12-րդ գիշեր»-ը ռեժիսոր Վարդան Աճեմյանի անդրանիկ ներկայացումն էր Շեքսպիրի դրամատուրգիայից: Պիեսը նաև առաջին անգամն էր ներկայացվում հայ բեմում՝ սրանով առավել մեծացնելով մռավյանցիների պատասխանատվությունը: Բացվում է վարագույրը և հանդիսատեսի առաջ հառնում է շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնը, նրա բեմահարթակն ու անգամ... հանդիսասրահը: Եվ այդ ամենն արված էր պարզ բեմական պայմանականության շրջանակներում՝ առանց մեծ կառուցվածքների: Բեմի երկու կողմերում բարձրանում էին բերեբեջյան վեցանկյունանի թատերասրահի պատերը, որոնց խոռոչներում էլ տեղավորված էին օթյակները: Իսկ օթյակներում.

-Մի՞թե իրական մարդիկ են:

-Իսկ եթե իրական են, ինչու՞չեն շարժվում:

-Ո՛չ, դրանք մարդու հասակ ունեցող տիկնիկներ են, որոնք էլ ստեղծում են Գլոբուս թատրոնի հանդիսականի պատրանքը:

-Ա՜խ, այդպես: Ուրեմն ներկայացում ներկայացման մե՞ջ:

Մտահղացումն հիրավի ինքնատիպ էր: Ռեժիսորի ելակետը բեմական խոսուն, բայց զուսպ պայմանականությունն էր: «12-րդ գիշերն» ուներ 20 պատկեր. դա նշանակում է, որ բեմի հարդարանքն այդքան անգամ պետք է փոխվեր: Ժամանակակից թատրոնում, երբ ամենի ինչ շատ ավելի հեշտ է այդ առումով, թերևս թատրոնի հետնաբեմին ծանոթ մարդիկ կարող են պատկերացնել, թե ինչ հնարքների պետք է դիմած լինեին մռավյանցիները 1940-ականներին: Ներկայացման նկարիչը Մելիքսեթ Սվախչյանն էր: Ինչպես «Գլոբուս» թատրոնում, այս ներկայացման մեջ ևս սովորական փայտյա ցուցանակի վրա նկարված թուփը, ծառապատկերը հանդիսատեսին համոզում էին, որ դա պուրակ է, այգի: Ճաշակով ու վարպետությամբ ստեղծված դեկորացիաները բեմը վերածել էին Իլիրիայի ծովափի կամ Օլիվիայի դղյակի հրաշագեղ պարտեզի: 

Շատ ռեժիսորներ, ովքեր ձեռնարկել են «12-րդ գիշեր»-ի բեմադրությունը, աշխատանքը սկսել են պիեսի կրճատումից և կոմպոզիցոն կառուցվածքը «մշակելուց»: «Այդպես է վարվել, օրինակ՝ ՄԽԱՏ-ը,-գրում է Ռազմիկ Մադոյանը,- այստեղ վերամշակվել է պիեսն ու նկատելիորեն փոխվել է կատակերգության հենքը: Ինչպես «Տեատր» ամսագիրն է նշել, Գեղարվեստական թատրոնում տեսարանների հաջորդականությունը չէր համապատասխանում պիեսին, որի հետևանքով էլ կատակերգության տրամաբանությունը խախտվել էր: Ակնհայտ է, որ բոլոր փորձերն՝ ուղղված Շեքսպիրին «վերամշակելու» նպատակին, միայն ձախողման են դատապարտված: Եվ դա հասկանալի է: Շեքսպիրի թատերգությունն այն կատարյալն է, որ երբևէ ստեղծել է մարդկային հանճարը արվեստի այս բնագավառում»:

Աչքի առաջ ունենալով «12-րդ գիշեր»-ի բեմականացման հարուստ փորձը՝ Աճեմյանը ներկայացման հենքը դարձնում է երկու հակադիր ուժերի բախումը, որն այնքան ցայտունորեն է ընդգծված հեղինակի կողմից: Լենինականի թատրոնը որոշում է բեմից հնչեցնել կատակերգության երկու գլխավոր թեմաները՝ մարդկային սիրո լիրիկան և պուրիտանիզմի մերկացման թեման: Թատրոնի տաղանդավոր և առաջատար դերասաններից Լևոն Զոհրաբյանը հանդես է գալիս Թոբիի դերում, իսկ Ցոլակ Ամերիկյանը՝ Մալվոլիոյի: Էնդրյուի դերակատարը Կարո Արծրունյանն էր, Մարիայինը՝ Նինա Բոխյանը, Ֆաբիանին մարմնավորում էր Արամ Ռշտունին, խեղկատակ Ֆեստեին՝ Արծրունի Հարությունյանը, Վիոլային՝ Արաքսյա Առաքելյանը: 

Քննադատ Լևոն Հախվերդյանը՝ համեմատելով «12-րդ գիշեր»-ի Ստրեդֆորդի ներկայացումը լենինականյան ներկայացման հետ, առավելությունը տալիս է վերջինիս: Հատկապես Զոհրաբյանի բեմանկարին անդրադառնալիս նա գրում է. «Քեռի Թոբիի անգլիական դերակատար Պատրիկ Ուայմարկը չուներ մեր Լևոն Զոհրաբյանի Թոբիի ո՛չ դերապատկերի հյութեղությունը, ո՛չ կոմիկական վարակիչ ուժը... »: Եվ եթե Զոհրաբյանի դերակատարումը թատերախոսները համարել են բեմարվեստի մեծ հաջողություն, ապա Ցոլակ Ամերիկյանի Մալվոլիոյի մասին գրվել են իրարարմերժ կարծիքներ, այդ թվում և՝ բացասական: Սակայն դա չի խանգարել, որ բազմաթիվ թատերախոսականներում Ամերիկյանի դերակատարումը համարվի ստեղծագործական նվաճում: Դրական արձագանքները տպվել են «Սովետական Հայաստան», «Коммунист» թերթերում, «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում: 

Վրձնի մեծ վարպետ Մարտիրոս Սարյանն ևս բարձր է գնահատել ներկայացումը՝ նշելով. «12-րդ գիշեր»-ի բեմադրությունը «թատերական գլուխգործոց է, որը պետք է արժանավոր տեղ գրավի միութենական լավագույն բեմադրությունների կողքին»: Թատրոնի մեծ հաջողությունն է վկայել նաև Մոսկվայում անգլերենով հրատարակվող «Մոսքոու նյուս» թերթը (1944թ., հ. 33): Նրա թղթակիցը փառատոնային բոլոր ներկայացումները դիտելուց հետո գրել է. «Փայլուն և կենսախնդությամբ կայծկլտող այդ բեմադրությունը հաճելի անակնկալ հանդիսացավ շատ պատգամավորների համար, որոնք սպասում էին Լենինականում դիտել միայն պրովինցիալ, սովորական ներկայացում...Այս կատակերգության բեմականացման բոլոր դժվարությունները հաղթահարվել էին Վ. Աճեմյանի տաղանդով և հնարագիտությամբ»: Մոսկվայից ժամանած ականավոր շեքսպիրագետների հիացմունքն ամփոփվեց մեկ նախադասության մեջ. «Շեքսպիրի 2-րդ հայրենիքը Լենինականն է»:

«12-րդ գիշերը կամ ինչ կամենաք» կատակերգությունը Լենինականի թատրոնում էտապային ներկայացում էր՝ հասցված շեքսպիրյան արվեստի պարզությանն ու կենսունակ գաղափարների խորությանը,-գրում է Ռ. Մադոյանը,-հիրավի, այդպիսի ներկայացումներն են, որ անգլիացի հայտնի ռեժիսոր Գորդեն Կրեգին իրավունք են տվել պատասխանելով իր հայրենակցին՝ հայտարարելու, թե. «Մեր Շեքսպիրին դիտելու համար պետք է մեկնել Սովետական Միություն»

Հ. գ-«12-րդ գիշեր» կատակերգությունը Ուիլյամ Շեքսպիրը գրել է 1600-1601թթ.-ին: Առաջին անգամ բեմադրվել է 1602թ-ի փետրվարի 2-ին, Միդլ Թեմփլ իրավաբանական կազմակերպությունում, Լոնդոնում: Պիեսն առաջին անգամ տպագրվել է 1623թ-ին: 

Հոդվածի պատրաստման համար տեղեկատվական աղբյուր է ծառայել Ռազմիկ Մադոյանի «Գյումրու թատրոնը 1865-1965թթ.» գիրքը։

Գլխավոր լուսանկարը Վիքիպեդիայից՝ տեսարան Շեքսպիրի «12-րդ գիշեր» ներկայացումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter