HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

McDonald's-ի ադրբեջանական ցանցի սեփականատերը կարող է կապ ունենալ 230 միլիոն դոլարի լվացման հետ

Բրիտանացի գործարար, ֆիլանտրոպ և Պահպանողական կուսակցության հովանավոր Ջավադ Մարանդին ենթադրաբար ստացել է տասնյակ միլիոնավոր դոլարներ արտասահմանյան կասկածելի աղբյուրներից։ Այդ մասին հայտնում է OCCRP-ն՝ հղում անելով ադրբեջանական Meydan TV-ին։

Երկար ժամանակ Մարանդին պնդում էր, որ իր ինքնությունը չբացահայտվի, այդ իսկ պատճառով դատական փաստաթղթերում նա հանդես էր գալիս միայն որպես MNL։

BBC-ն և Evening Standard-ը դիմել էին դատարան՝ պահանջելով հանրությանը հրապարակել Մարանդիի անունը։ Արդյունքում, դատարանը բավարարել է լրատվամիջոցների հայցը։

Կասկածելի աղբյուրներից փոխանցումները հայտնաբերվել են առանձին հետաքննության շրջանակներում։ Սակայն քրեական մեղադրանք Մարանդիին չի առաջադրվել։

Գործարարի շահերը ներկայացնող իրավաբանական ընկերությունում հայտարարել են, որ իրենց հաճախորդը «կտրականապես հերքում է որևէ իրավախախտման առկայությունը» և «հիասթափված է այն հանգամանքից, որ դատարանը որոշել է հանել հրապարակման վրա առկա սահմանափակումները՝ իմանալով, թե ինչ վնաս դա կարող է հասցնել նրա հեղինակությանը»։

Մարանդին ծնվել է Իրանում և մեծացել Լոնդոնում։ Դառնալով հաջող ձեռնարկատեր՝ նա ներդրումներ է արել Soho House ակումբների ցանցում, ինչպես նաև նորաձևության Emilia Wickstead, Anya Hindmarch և Conran Shop ապրանքանիշների մեջ։

Նրան են պատկանում Ադրբեջանում McDonald's-ի ավելի քան 20 ռեստորանները, ինչպես նաև մի ընկերություն, որը զբաղվում է միջազգային ապրանքանիշների ծխախոտերի վաճառքով։ Բրիտանական իրավաբանական ընկերության տվյալներով՝ ծխախոտի բիզնեսը համարվում է նրա եկամտի հիմնական աղբյուրը։

Բացի այդ, Մարանդին կառավարիչ է եղել Pasha Construction-ում, որն Ադրբեջանի ամենախոշոր շինարարական ընկերությունն է և պատկանում է Իլհամ Ալիևի ընտանիքին։

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության տվյալներով՝ Մարանդին օֆշորային ընկերություններից ստացել է ավելի քան 230 միլիոն դոլար։ Այդ ընկերությունները գումարներն ստանում էին «Ադրբեջանական լվացքատան» միջոցով, որը OCCRP-ն բացահայտել էր դեռ 2017 թվականին։ Մարանդին ուղիղ ստացել էր 71 միլիոն դոլար, իսկ մնացած միջոցները փոխանցվել էին նրա ենթակայության տակ գտնվող օֆշորային ընկերության հաշվին։ 

«Ադրբեջանական լվացքատունը» փողերի լվացման բարդ սխեմա է, որի միջոցով երկու տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում գրանցված չորս կեղծ ընկերությունների շնորհիվ անցել է 2,9 միլիարդ դոլար: 

Երբեմն բարդ է եղել պարզել այդ միջոցների աղբյուրները։ Դանիական Berlingske թերթը ստացել էր բանկային փաստաթղթերը։ Դրանց ուսումնասիրության արդյունքում լրագրողները պարզել էին, թե ուր են փոխանցվել միջոցները։ Ստացողների թվում էին եղել նաև Ադրբեջանի իշխող էլիտայի հայտնի ներկայացուցիչները, այդ թվում` Ալիևի ընտանիքի անդամներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք։

Ի սկզբանե NCA-ի հետաքննությունը կապ չի ունեցել Մարանդիի հետ, այլ` ադրբեջանցի հայտնի քաղաքական գործիչ Ջավանշիր Ֆեյզիևի ու նրա ընտանիքի։ NCA-ը հասել էր միլիոնավոր ֆունտ ստերլինգների ձերբակալմանը, որոնք պատկանում էին Ֆեյզիևի ընտանիքին, քանի որ փողերը փոխանցվել էին «լվացքատան միջոցով»։ Ֆեյզիևի գործով հետաքննության ժամանակ հայտնաբերվել էր նաև Մարանդիի մասին տեղեկատվություն։

NCA-ի փորձագետները նաև պարզել են, որ Մարանդին, Ֆեյզիևը և Միրջալալ Փաշաևը, որը Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի բարեկամն է, ադրբեջանական Avromed խոշոր դեղագործական ընկերությունում եղել են գործընկերներ ու լվացքատան միջոցով ստացել միլիոնավոր դոլարներ։

Բացի այդ, Մարանդին եղել է բարեգործական կազմակերպության համահիմնադիր, որն աջակցում է ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներից երեխաներին։

2014 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբերը նա ավելի քան 750 հազար ֆունտ ստերլինգ է փոխանցել Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցությանը։ Գրեթե միևնույն ժամանակ նա ստացել է միջոցներ, որոնք NCA-ում կասկածելի են համարում։

Լուսանկարը՝ The Telegraph-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter