HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի՝ «հանրային գերակա շահ ճանաչելու» գործով նոր զարգացումներ կան

4 տարվա դատական գործընթացներից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը «հանրային գերակա շահ ճանաչելու» գործով Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել Վարչական դատարան նոր քննության:

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող շենքի սեփականատերն է: Այն պատմամշակութային հուշարձան է:

2018 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումը, որով մի քանի տարածքների, դրանց թվում՝ նշված հասցեի անշարժ գույքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ:

Օբյեկտների ձեռք բերող է որոշվել «Ի ԷՄ ՄԻ» ՓԲԸ-ն: Ընկերության շինաշխատանքների ընթացքում վնասվել է Արամի 23 շենքի մի մասը: Որոշ հատվածներ մասնակի փլուզվել են:

ՀԿ-ն 2019թ. հունվարին դիմել է Վարչական դատարան՝ Կառավարության նշված որոշումը Արամի 23 շենքի մասով, մի շարք օրենքներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջով:

«Հայ փոքրիկ երգիչներ»-ի ներկայացուցիչը դատարանում հիմնականում շեշտը դրել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի այն դրույթի վրա, ըստ որի՝ հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 7 տարվա ընթացքում:

Նշված օրենքը 2006թ. ուժի մեջ մտնելուց հետո Կառավարության առաջին որոշումը, որով Արամի 23 հասցեում գտնվող անշարժ գույքը ներառվել է հանրության շահ ճանաչված գոտում՝ ընդունվել է 01.03.2007թ. (թիվ 347-Ն որոշում): Այդ որոշմամբ սահմանված հանրության գերական շահի հիմնավորումները գրեթե նույնն էին, ինչ Կառավարության 2018թ. որոշմամբ սահմանված հիմնավորումները:

Դատարան դիմելու պահին առաջին որոշումից անցել է մոտ 13 տարի, սակայն Արամի 23 հացեում գտնվող հուշարձանի մասով վկայակոչված «հանրության գերակա շահը» դեռ իրագործված չի եղել:

«Հայ փոքրիկ երգիչներ»-ի պնդմամբ՝ որպես սեփականության օտարման նպատակ, Կառավարությունը սահմանել է վերացական բնույթ կրող «քաղաքաշինական ծրագրի իրականացումը»: Որոշման մեջ բացահայտված չէ, թե ինչ քաղաքաշինական ծրագիր պետք է իրագործվի, պարզ չէ անգամ նման ծրագիր առկա է, թե ոչ:

Կառավարության որոշմամբ պարզապես ապահովվել է օրենքով նախատեսված պահանջի հանրային գերակա շահի սահմանման ձևական կողմը, այն է՝ Կառավարության որոշմամբ նշվել է վերացական բնույթ կրող «քաղաքաշինական ծրագրեր» արտահայտությունը, իսկ դրա իրականացումը սահմանվել որպես հանրության համար գերակա շահ:

Անդրադառնալով Կառավարության որոշման բովանդակությանը՝ ՀԿ-ն նշել է, որ հանրային շահը Կառավարության որոշմամբ առհասարակ նշված չէ: Նախ, որոշման մեջ օգտագործված ձևակերպումը բոլորովին չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին: Բացի դրանից, նման սահմանման պարագայում սեփականության իրավունքը կրողը զրկվում է այդ որոշմանը համապատասխան վարքագիծ դրսևորելու հնարավորությունից, ընդունված որոշման անորոշության պայմաններում սեփականատերը չի կարող բացահայտել որքանով է առկա «արդարացի հավասարակշռություն» հանրային շահերի և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության միջև:

«Ուստի, որոշման մեջ որևէ շահի առկայության փաստացի անորոշության պայմաններում հնարավոր չէ խոսել այդ շահի ինչպես հանրային, այնպես էլ գերակա լինելու մասին: Հետևաբար` հանրային գերակա շահը որոշմամբ սահմանված չէ»,- եզրահանգել է պատմամշակութային հուշարձան հանդիսացող գույքի սեփականատերը:

«Հայ փոքրիկ երգիչներ»-ի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել նաև «Հուսալի Կամար» ՍՊԸ-ի կողմից 10.09.2018թ. տրված մասնագիտական եզրակացությունը, ըստ որի՝ մինչև «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ կողմից շինարարական աշխատանքների իրականացումը շենքը չի գտնվել խարխուլ վիճակում: Դրան վնաս է հասցվել հենց ընկերության ոչ իրավաչափ գործողության արդյունքում:

Դատարանում «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի դիրքորոշումը եղել է այն, որ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա բարեգործական ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքը գտնվում է խարխուլ վիճակում, և դեռևս 1986թ. ենթակա էր իրացման: Ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի նիստի 21.05.1986թ. արձանագրության մեջ նշվել է, որ Սպանդարյանի շրջանի Սվերդլովի (ներկայիս Բուզանդի) և Ամիրյան փողոցի միջակայքում գտնվող գույքերը ենթակա են օտարման Լենինի կենտրոնական թանգարանի մասնաճյուղի կառուցման նպատակով: 

Նշենք, որ թե՛ վարչական դատարանը, թե՛ վարչական Վերաքննիչ դատարանը մերժել են «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա բարեգործական ՀԿ-ի դիմումն ու բողոքը: Դրանից հետո ՀԿ-ն դիմել է Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կառավարության որոշմամբ սահմանված տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, տարերայնորեն տեղակայված և հիմնականում վթարային բնակելի ֆոնդը, որի փոխարեն հնարավոր կլինի տարածքում վերականգնել հին Երևանի պատմաճարտարապետական միջավայրը: Այդ տարածքները կհանդիսանան ճարտարապետական մեկ համալիր, առկա բնակարանային ֆոնդի փոխարեն կանոնավոր կառուցապատմամբ, կորցված ու քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում կստեղծվի քաղաքաշինական գեղագիտական միջավայր, ինչպես նաև կառուցվող նոր փողոցը կդառնա այլընտրանքային երթևեկության ճանապարհ, կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Կառավարության 2018թ-ի որոշումից առաջ կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել, որոնք վերաբերում են այդ տարածքի «հանրային գերակա շահին»:Այդ բոլոր որոշումներով հանրության գերակա շահ է ճանաչվել օտարման միևնույն նպատակը: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենքով նախատեսված 7 տարվա ժամկետի հաշվարկման համար ելակետ պետք է ընդունվի Կառավարության 01.03.2007թ. «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 347-Ն որոշման ուժի մեջ մտնելու պահը՝ որպես ՀՀ կառավարության որոշում: Դրանով առաջին անգամ ՀԿ-ի գույքի օտարման նպատակը ճանաչվել է հանրության գերակա:

Հիմք ընդունելով այդ փաստը, Վճռաբեկ բողոքը բավարարվել է: Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել վարչական դատարան՝ նոր քննության:

Վարչական դատարանը բեկանումից հետո մայիսի 10-ին որոշում է կայացրել գործով հարուցել նոր քննության վարույթ և քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter