HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փաշինյանը որդուն չի հորդորել հրաժարվել զոհված զինծառայողի մոր դեմ բողոքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդուն չի հորդորել հրաժարվել զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի դեմ բողոքից։ Այս մասին նա հայտնեց իր մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանում չէր միջադեպի ժամանակ, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ իրավական ընթացակարգեր են տրվել։

«Երբ նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ ամբողջ նպատակը և խնդիրը էն չի՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ էդ փաստին, ենթադրենք ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ ինչ-որ պատասխան գործողություն անեմ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքով պատասխանեմ, սպառնալիքին՝ սպառնալիքով, առևանգմանը՝առևանգմամբ։ Բնականաբար, դա անընդունելի է, և ՀՀ-ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերն իրավական ճանապարհով պետք է լուծել, և ինքը ինձ ասեց, որ իր ընկալմամբ սա է եղել իմ քաղաքական գործունեության ամբողջ նպատակը և իմաստը, որից հետո ես չունեմ որևիցէ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու»,- ասաց Փաշինյանը։

Լրագրողը շեշտեց՝ ցուցարարներն ընտրովի արդարադատության մասին են բարձրաձայնում՝ նկատի ունենալով, օրինակ՝ վարչապետի շարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեկ տարի անց ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ոչ էլ անգամ կալանք կա, իսկ այս դեպքում, երբ հետևանքը ծանր չէ, կալանքի խափանման միջոց է կիրառվել։

Վարչապետն ասաց, որ վրաերթի գործի ընթացքից տեղյակ չէ։

«Կարող եմ ասել, որ, բնականաբար, շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ և միջադեպից հետո հեռախոսազրույց եմ ունեցել։ Չեմ հիշում՝ իմ, թե իր նախաձեռնությամբ վրաերթի հետևանքով զոհված կնոջ հոր հետ։ Ինքն ասել է՝ ակնկալիքն էն ա, որ իրավական ընթացակարգով տեղի ունենա ամեն ինչ։ Չգիտեմ՝ արարքն ինչպես է որակվել և ի՞նչ հոդվածով է որակվել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ որևէ պատճառ չի տեսնում, որ այդ գործի ընթացքը տեղի չունենա։

Ըստ վարչապետի՝ զոհված զինծառայողի մորը կալանավորելու հարցն ունի երեք հարթություն՝ իրավական, բարոյական և քաղաքական։

«Շատ է խոսվում, որ հերոսի մայր է, շատ է խոսվում մեր նահատակների մասին, նախ ուզում եմ ասել, և դա արել եմ բազմիցս՝ ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առաջ, նրանց շիրիմների առաջ, և խոնարհվում եմ բոլոր ծնողների առաջ՝ առանց բացառության։

Փաշինյանի խոսքով՝ այժմ դեպքը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանի հետ։

«Նա մի քաղաքացի է, ով 2020թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ որպես կամավոր զինվորագրվել է բանակին, ընդ որում՝ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ինքը զորակոչի ենթակա չի եղել, որովհետև նոր էր ավարտել զինծառայությունը»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ որոշումը Աշոտը քննարկել է իր ընտանիքի հետ, և որոշել է գնալ առաջնագիծ։

«Մարտական հանձնարարություն կատարելու ժամանակ հրետակոծության կամ հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկի հետ, և այդ ժամանակ իր ծառայակից ընկերը, որի հետ իրենք պատսպարված, մարմնով իրար կիպ կպած են եղել, զոհվել է։ Կարծում եմ, որ բոլորիս պարզ է՝ ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը չպետք է զոհվի։ Ոչ ոք չէր կարող կանխոորշել, որ այդ բեկորը չի սպանելու իմ որդուն, դա ուղղակի բացառված է։ Ուզում եմ հարց տալ՝ եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերո՞ս, եթե չի սպանել և միլիմետրերով անցել է կողքով, նա դառնում է հակահերո՞ս։

Եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մա՞յր, իսկ հիմա էլ հերոսածին մայր չէ՞, ինչով հերոսածին մայր չէ, որևէ մեկն ինձ կարող է բացատրել, առավել ևս երբ այդ ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին։ Այսինքն՝ մարդիկ ուզում են ավարտին հասցնել այն առաքելությունը, որն ավարտին չի հասցրել ադրբեջանական բեկո՞րը»,- հարցրեց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter