HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գլխավոր շտաբն ասում էր՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն անկլավներով ստորագրի». Փաշինյան

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ եղել է կետ, որը մենք հանել ենք և ասել ենք, որ որևէ պարագայում չենք ստորագրի։ Կետերից մեկը վերաբերել է անկլավներին, երկրորդը՝ Հայաստանի տարածքով միջանցքին»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարից «Հետքի» թղթակիցը հարցրել էր՝ երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին իրեն ներկայացվել է եռակողմ  հայտարարության տեքստը, Հայաստանը որոշ կետերի վերաբերյալ փոփոխությունների առաջարկ ներկայացրե՞լ է ռուսական և ադրբեջանական կողմերին, և եթե հայկական կողմը խմբագրումներ արել է, ապա ովքեր են աշխատել տեքստի փոփոխությունների վրա:

Փաշինյանին հարցրել էինք նաև, որ նախքան հայտարարությունը ստորագրելը իր մոտ հրավիրված խորհրդակցության ներկաներից ովքեր են դեմ եղել եռակողմ հայտարարությունը այդ տեքստով ստորագրելուն։

Ըստ կառավարության ղեկավարի՝ մինչև հայտարարության ստորագրումը՝ քննարկման ժամանակ եղել են մարդիկ, որոնք ասել են՝ հենց անկլավներով էլ ստորագրի։ Նրա խոսքով՝ հետագայում այդ մարդկանց մի մասն իրեն դավաճանության մեջ է մեղադրել և հրաժարական պահանջել։

«Հետո մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն ասում էին պետք է ինստիտուցիոնալ որոշում լինի, որ երկրի ղեկավարի կաբինետում տեղի ունեցած բոլոր խոսակցությունները, հեռախոսային խոսակցությունները պետք է ձայնագրվեն։ Ինչո՞ւ դա չի արվել, դե ինստիտուցիոնալ էնքան բան չի արվել։ Ցավում եմ, որ էդ խոսակցությունները չեն ձայնագրվել, չեն արձանագրվել։ Եթե էդպես արձանագրվեր, շատ մադրիկ շատ բաներ խոսելու ոչ մի տարբերակ չէին ունենա ուղղակի»,- նշեց նա։

Փաշինյանը նշեց՝ երբ ստորագրել է փաստաթուղթը, քաղաքական թիմին ասել է, որ հարցը քվեարկության չի դնի, որ չստացվի՝ ուզում է էլի պատասխանատվությունը նրանց վրա դնել։

«Ես ասել եմ, որ ես էս բոլոր քննարկումների, վեճերի արդյունքում որոշում եմ կայացնում, ստարգրում եմ էս թուղթը։ Եղել են մարդիկ, որոնք ուղղակի էմոցիոնալ առումով չեն կարողացել, չեն ցանկացել, ես էլ՝ նույնպես։ Էդ մարդիկ էսօր էլ մեր քաղաքական թիմի անդամներ են, և մենք մեր ճանապարհն իրար հետ շարունակում ենք։ Անվանական, թույլ տվե՛ք, չնշեմ, որովհետև եթե դեմերի ցանկը հրապարակեմ, իմ անունն էլ կարող ա էդ ցանկում լինի»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ անկլավների և միջանցքի հարցը հանել է հայտարարության մեջից։ Ըստ նրա՝ այդ հարցով քննարկումներ են եղել Գլխավոր շտաբի (ԳՇ) ներկայացուցիչների հետ։ «Գլխավոր շտաբն ասում էր, որ ոչինչ, անկլավներով ստորագրի։ Ես ասել եմ՝ չեմ ստորագրի»,- ասաց նա։

-ԳՇ պե՞տը,- ճշտող հարց տվեց «Հետք»-ի լրագրողը։

«Ես դրա մասին խոսել եմ նախընտրական շրջանում՝ Աչաջուրում ունեցած ելույթում։ Հիմա հետադարձ մեկ-մեկ մտածում եմ, որ ասում էին՝ այ էդ տարբերակով էդ թուղթը ստորագրի։ Հետո մի շարք իրադարաձություններ վերլուծելով՝ ես էն ժամանակ ընկալում էի, որ դա, էսպես ասած, լավ մղումով ա արվում, որովհետև իրավիճակի ընկալումն էդ ա, որ պետք ա էդպես վարվել, որովհետև եթե հակառակ կերպ մտածեի, հաջորդ օրն էդ աշխատող պաշտոնյային գործից կհանեի։

Վստահությունն այնքան մեծ էր, որ ես տենց էի մտածում։ Իմ մտքով չէր էլ կարող տենց բան անցնել, բայց հետագա իրադարձությունները վերլուծելով՝ նաև տենց վարկած առաջացավ՝ հատուկ էդպես արվում էր, որ հետագայում նաև դա հնարավորինս ավելի ներքաղաքական բանի համար օգտագործվի, հայտարարության մեջ մի պարբերություն էլ ավել լինի»,- եզրափակեց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter