HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Քյուրումյան

Գյուղոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության ծրագրերը և դրանց կատարողականը. չկառուցված և չվերանորոգված ջրամբարներ և ջրատարներ

ՀՀ կառավարության գյուղատնտեսության քաղաքականությունը և ոլորտի ֆինանսավորումը խնդրահարույց են: Որևէ կերպ հասկանալի չէ, թե ինչպես է ՀՀ կառավարությունը պատրաստվում ապահովել դեպի ծով ելք չունեցող, թշնամաբար տրամադրված հարևաններով արևելքից և արևմուտքից շրջապատված և արտաքին աշխարհի հետ կապի, ըստ էության, մեկ հուսալի ճանապարհ ունեցող Հայաստանի պարենային ինքնաբավությունը, երբ միլիարդավոր դրամներ է հատկացնում ոչ թե պարենային անվտանգության և ինքնաբավության տեսակետից կարևոր, իր իսկ ձևակերպմամբ՝ «գլխավոր պարենային մշակաբույս»-երի, այլ խաղողի, պտղատու այգիների և հատապտուղների արտադրության խթանմանը, դրանց արտադրության համար վերցրած վարկերի սուբսիդավորմանը, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտադրության հետ  կապ չունեցող այլ գործունեությանը: Հաշվի առնելով մեր աչքի առաջ առկա Լաչինի փորձը, հարևան պետության նկրտումները, որոնք չեն սահմանափակվում Արցախով, արտաքին  աշխարհի հետ Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա թշնամաբար տրամադրված էթնիկ խմբի առկայությունը, ինչպես նաև այդ ճանապարհի ոչ հուսալիությունը, ՀՀ կառավարության գյուղատնտեսական քաղաքականությունը խիստ ռիսկային և վտանգավոր է:

Ձևական առումով ՀՀ կառավարությունը գլխավոր պարենային մշակաբույսի՝ ցորենի արտադրության խթանմանն անդրադարձել է դեռ 2020թ. հուլիսի 2-ի իր №1148-Լ որոշմամբ, երբ որոշել է խթանել աշնանացան ցորենի արտադրությունը, քանի որ «վերջին տարիներին աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները հանրապետությունում նվազել են»: Ի լրումն այլ գործոնների, գլխավոր պարենային մշակաբույսի մշակման ծավալների ավելացման կարևորությունն այն է, որ դա ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի պարենային ինքնաբավության բարելավմանը, այլեւ հնարավորություն տալ ազդել գների վրա և ազդեցություն ունենալ հասարակության լայն շերտերի բարեկեցության վրա: Ի տարբերություն գլխավոր պարենային մշակաբույսերի, այլ մշակաբույսերի արտադրության ծավալների ավելացումից և դրանց ծախսերի սուբսիդավորումից շահում են խիստ սահմանափակ թվով մարդիկ: Վերը նշված որոշումից հետո վիճակն ավելի վատացավ: 2022թ. հոկտեմբերի 27-ի №1662-Ն որոշման հիմնավորումներում կառավարությունը ստիպված էր արձանագրել.

«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես վերջին տարիներին լիարժեքորեն չի օգտագործվում ՀՀ գյուղատնտեսության ռեսուրսային ներուժը: Հայաստանի նման սակավահող երկրի համար անհանդուրժելի է, որ ցանքի տակ է դրվում վարելահողերի միայն շուրջ 50%-ը, իսկ ընդհանուր ցանքերի միայն 26%-ն է հատկացվում գլխավոր պարենային մշակաբույսին՝ ցորենին: Իհարկե, դա հիմնականում բացատրվում է հացահատիկային մշակաբույսերից ստացվող եկամտի ցածր մակարդակով:

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021 թվականին 2020 թվականի համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 0,9 %-ով, իսկ համախառն բերքը՝ 26,4 %-ով։ Վերջին տարիների ընթացքում հանրապետությունում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2020 թվականին այն կազմել է 24,4%՝  2015 թվականի 49,5%-ի համեմատ»։

Երբ ՀՀ կառավարության անդամները 2022թ. հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ որոշում էին 2 մլրդ 425 մլն դրամի չափով փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը, Հայաստանի քաղաքացիները չէին կարող պատկերացնել, որ դա ուղղակի երեսպաշտություն է: ՀՀ կառավարությունն իր սեպտեմբերի 29-ի նիստում քննարկել էր «2023թ. ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որով արդեն իսկ 2 մլրդ 825 մլն դրամ էր նախատեսել աշնանացան ցորենի արտադրության խթանումը փոխհատուցելու և 105.7 մլն դրամ՝ աշնանացան ցորենի ցանքատարածությունների մոնիթորինգի համար: Այսինքն՝ 2022թ. այդ նպատակով գումար հատկացնելու կարիք չկար: Արդյունքում, արդեն 2022թ. դեկտեմբերի 15-ին՝ վերը նշված որոշումից մեկուկես ամիս հետո, իր №1988-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը 1,725,000.0 հազար դրամով նվազեցրել է «Բուսասանիտարիայի ծառայությունների, հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների իրականացում» ծրագրի (ծրագրի դասիչ՝ 1059) «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման նպատակով փոխհատուցման տրամադրում» միջոցառմանը (միջոցառման դասիչ՝ 12002) հատկացրած գումարը, քանի որ «համայնքների կողմից մոնիթորինգն իրականացվելու է գարնանը: Միջոցառմամբ նվազեցվող ֆինանսական միջոցները ենթակա են վերականգնման 2023 թվականի պետական բյուջեով»: 2022թ. դեկտեմբերի 22-ի №2044-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը ևս 76.7 մլն դրամով նվազեցրել է աշնանացան ցորենի արտադրության փոխհատուցման համար հատկացված գումարը (աղյուսակ 1):

Աղյուսակ 1. ՀՀ կառավարության որոշումներով պետական բյուջեի «Բուսասանիտարիայի ծառայությունների, հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների իրականացում» ծրագրի «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության նպատակով փոխհատուցման տրամադրում» միջոցառման ֆինանսական ցուցանիշներում կատարված փոփոխությունները (հազար դրամ)

«Բուսասանիտարիայի  ծառայությունների, հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների իրականացում» ծրագրի (ծրագիր 1059) «ՀՀ-ում աշնանացան ցորենի ցանքատարածությունների մոնիթորինգի իրականացման աջակցություն» (միջոցառում 11009) միջոցառման համար 2022թ. հոկտեմբերի 27-ին հատկացրած 72,750.0 հազար դրամը ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 15-ին որոշել է նվազեցնել 72,750.0 հազար դրամով, քանի որ «համայնքները պլանավորում են մոնիթորինգն իրականացնել գարնանը և փոխհատուցման ենթակա գումարները ամբողջությամբ ստանալու համար» (աղյուսակ 2):

Աղյուսակ 2. ՀՀ կառավարության որոշումներով պետական բյուջեի «Բուսասանիտարիայի  ծառայությունների, հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների իրականացում» ծրագրի «ՀՀ-ում աշնանացան ցորենի ցանքատարածությունների մոնիթորինգի իրականացման աջակցություն» միջոցառման ֆինանսական ցուցանիշներում կատարված փոփոխությունները (հազար դրամ)

Հավանաբար, երբ Աստված կարգում էր ներկա իշխանություններին, ոչինչ չի ասել եղանակային պայմանների փոփոխականության, պետական քաղաքականությունը եղանակային պայմաններից կախվածության մեջ չդնելու, շարունակաբար մեղավորներ փնտրելուց իշխանությունների զերծ մնալու անհրաժեշտության մասին:

Բարվոք չէ վիճակը գյուղատնտեսության ոլորտի մնացած ծրագրերի և միջոցառումների իրականացման առումով:

«Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի շրջանակներում (ծրագրի դասիչ՝ 1004) ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով (միջոցառման դասիչ՝ 11002) ԱԺ-ն 1.1 մլրդ դրամ է հատկացրել, որը ՀՀ կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորել է: Ոռոգման ջրի կորուստները գտնվել են ծրագրված 19.2 տոկոսի մակարդակում: ԱԺ հատկացրած 4.65 մլրդ-ի փոխարեն ՀՀ կառավարությունն 9.36 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն է տրամադրել ոռոգման ծառայություններ մատուցող 15 ընկերություններին, որոնք ջրօգտագործողների հետ կնքված 119536 պայմանագրի շրջանակներում (պլանավորած 115,832-ի փոխարեն) 609,8 մլն մ3 (պլանավորած 606 մլն մ3–ի փոխարեն) ջուր են մատակարել 90211 հա մակերես ոռոգելու համար (պլանավորած 90081 հա-ի փոխարեն): Այսինքն, ջրամատակարարման ծավալն ավելացել է 0.6%-ով, ոռոգելի հողատարածքների մակերեսը՝ 0,1%-ով, ջրօգտագործողների պայմանագրերի քանակը՝ 3.2%-ով, ֆինանսավորումը՝ կրկնապատկվել է:

Ոռոգման համակարգը միշտ հակված է եղել կոռուպցիայի: ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ «ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա» և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին հանձնարարել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ոռոգման սեզոնի հարցերով: ՀՀ վարչապետի հանձնարարականից ընդամենը 3 տարի հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 10.01.2022թ-ի N 28-Ա հրամանով ջրային ոլորտի զարգացման միասնական տեսլական ձևավորելու, ջրային ռեֆորմներ և Հայաստանի ոռոգման համակարգի կայուն զարգացմանն ուղղված հայեցակարգը ու միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Ոռոգման համակարգում կատարվող բարեփոխումների վերաբերյալ հանրությունը լավ տեղեկացված չէ, սակայն ոլորտի ֆինանսավորման հետ կապված հարցեր կան: 2019թ. և 2022թ. վերը նշված միջոցառումը (ծրագիր 1004, միջոցառում 11001) ՀՀ կառավարությունը ֆինանսավորել է ԱԺ կողմից հաստատված մեծության եռապատիկի և կրկնապատիկի չափով, համապատասխանաբար 10.9 մլրդ, ԱԺ կողմից հաստատված 3.6 մլրդ դրամի փոխարեն և 9.4 մլրդ՝ հաստատված 4.7 մլրդ փոխարեն: Առանց համակարգը բարեփոխելու ֆինանսավորումն ավելացնելով՝ ՀՀ կառավարությունն ընդլայնում է կոռուպցիայի հնարավորությունները: Իր վերահսկողական գործառույթի շրջանակներում ԱԺ-ն պետք է միջոցներ ձեռնարկի՝ հավաստելու համար, որ հատկացված ռեսուրսները նպատակային, արդյունավետ և խնայողաբար են օգտագործվում:

Պատկեր 1. Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ՀՀ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցությունը 2017-2022թթ. (մլրդ դրամ)

Ոռոգման համակարգի բարելավմանը վերաբերող մի շարք միջոցառումներ չեն կատարվել: Բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության մեջ չի նշվում, որ ՀՀ կառավարությունը չի կառուցել Հեր-Հերի ջրամբարից ինքնահոս ջրատարը, որի համար ԱԺ-ն 900 մլն դրամ էր հատկացրել (ծրագիր 1004, միջոցառում 31010), չի վերականգնել խորքային հորերը (միջոցառում 31011), ինչի համար ԱԺ 49.5 մլն դրամ էր հատկացրել: ՏԿԵՆ Ջրային կոմիտեն ձեռք չի բերել 15 փոքր և միջին ջրամբարների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը (միջոցառում 31013), ինչի համար ԱԺ-ն 2 մլրդ դրամ էր հատկացրել: Ջրամբարների վերականգնման և վերազինման աշխատանքների (միջոցառում 31014) շրջանակներում նախատեսված 1 նախագծանախահաշվային փաստաթղթի և 5 ջրամբարի վերականգնման համար նախատեսված 1.3 մլրդ դրամից օգտագործել է միայն 68.6 մլն դրամը (երկու ջրամբարի վերականգնման համար): ՀՀ կառավարությունը ոչինչ չի արել ԱԺ-ի հատկացրած 579.5 մլն դրամով ոռոգման համակարգի բարելավման նպատակով (միջոցառում 31016) 17 բնակավայրերում պոմպակայաններ, խողովակաշարեր, ջրագծեր կառուցելու ուղղությամբ: ՀՀ կառավարությունը չի օգտագործել նաև 17 ջրամբարի կառուցման, 4 ջրամբարի վերանորոգման, 31 նոր «ՕԿՋ»-ի համար նախատեսված 1.1 մլրդ դրամը (ծրագիր 1004, միջոցառում 31017) և 128 կմ ինքնահոս ջրատարների կառուցման համար հատկացված 500 մլն դրամը  (միջոցառում 31018):

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պնդում են, որ իրենք պետք է բարձր աշխատավարձ ստանան, այլապես կհեռանան կառավարությունից և մասնավոր հատվածում բարձր աշխատավարձով աշխատանք կգտնեն, մեծ գումարներ են ծախսել խորհրդատվություն և կառավարման ծառայություններ ձեռք բերելու համար (մասնավոր հատվածում էլ են այդքա՞ն գումար ծախսելու խորհրդատվության համար): Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում  (դասիչ՝ 11005) ձեռք բերված 11 խորհրդատվությունների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությունը 466.8 մլն դրամ է ծախսել: Նույն ծրագրի 11011 միջոցառման շրջանակներում նախատեսվում էր ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության և ոռոգման կարողությունների բարելավման նպատակով ԱԺ կողմից հատկացված 163.2 մլն դրամի հաշվին կնքել մեկ խորհրդատվական պայմանագիր: Կառավարությունը հրաժարվել է այդ խորհրդատվությունից, սակայն դրա փոխարեն ստեղծել է նոր միջոցառում (դասիչ՝ 11012), որը ԱԺ կողմից նախատեսված չի եղել և այդ միջոցառման շրջանակներում 133.5 մլն դրամով մեկ խորհրդատվություն է ստացել:

Վեդու ջրամբարի կառուցման համար խորհրդատվական և կառավարման ծառայություններ ձեռք բերելու 4 պայմանագիր կնքելու համար (ծրագիր 1004, միջոցառում 11006) ԱԺ-ն հատկացրել է 114.2 մլն դրամ: ՀՀ կառավարությունը որոշել է, որ այդ նույն 4 պայմանագրի ֆինանսավորման համար անհրաժեշտ է հատկացնել ոչ թե 114.2, այլ 259.7 մլն դրամ, սակայն այդ նույն 4 պայմանագիրը ֆինանսավորել է 201.2 մլն դրամ ընդհանուր ծավալով:

Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրացված կառավարում ծրագրի համար ՀՀ պաշտոնյաները խորհրդատվություն են ստացել երկու միջոցառման շրջանակներում: 1004 ծրագրի 11007 միջոցառման շրջանակներում 8 խորհրդատվական պայմանագրի համար ԱԺ կողմից նախատեսված 683.2 մլն դրամի փոխարեն ծախսել են 472.4 մլն դրամ, իսկ 11008 և 11009 միջոցառումների  շրջանակներում նախատեսված մեկական պայմանագիր չեն կնքել (համապատասխանաբար 86.7 մլն և 22.5 մլն դրամ): Նույն ծրագրի Ջրաձոր գյուղի վերաբնակեցման գործողությունների համար խորհրդատվական (միջոցառում 11010) երկու պայմանագրի համար ԱԺ կողմից նախատեսված 442.4 մլն-ի փոխարեն  ծախսվել է 142.2 մլն դրամ: Չնայած ՀՀ կառավարությունը մեծ գումար է ծախսել խորհրդատվություն ստանալու համար, սակայն Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար ենթակառուցվածքների և բնակելի տների կառուցման գծով աշխատանքներ չի կատարել (միջոցառում 12002), 3 նոր բնակելի տուն չի կառուցել և ԱԺ կողմից հատկացված 323.8 մլն դրամը չի ծախսել, Ախուրյան գետի վրա պատվարը չի կառուցել (միջոցառում 31004) և դրա համար ԱԺ կողմից հատկացված 4.6 մլրդ դրամը չի ծախսել (հավանաբար խորհրդատուների խորհրդով):

Փոքր և միջին ջրամբարների կառուցման խորհրդատվության համար ԱԺ-ն միջոցներ չի նախատեսել: 1004 ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը ստեղծել է նոր միջոցառում (դասիչ՝ 11013) և կնքված 8 պայմանագրի ֆինանսավորման համար ծախսել է 26.5 մլն դրամ:

Մի շարք դեպքերում ՀՀ կառավարությունն իր որոշումներով ավելացրել է ԱԺ կողմից հատկացված գումարները, սակայն վերջնական հաշվով ծախսել է ԱԺ կողմից պլանավորածից պակաս: Որևէ պատգամավոր կհարցնի՞՝ ինչու է ՀՀ կառավարությունն ավելացրել ֆինանսավորումը: Այսպես, վերևում արդեն ներկայացված Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում (ծրագրի դասիչ՝ 1004, միջոցառման դասիչ՝ 11005) ձեռք բերված 11 խորհրդատվությունների ֆինանսավորման համար ԱԺ-ն հատկացրել է 469.8 մլն դրամ: ՀՀ կառավարությունն այդ նույն 11 պայմանագրի ֆինանսավորման համար նախատեսված գումարն ավելացրել է մինչև 515.4 մլն դրամ, սակայն փաստացի ծախսել է 466.8 մլն դրամը: Համաձայն բյուջեի հաշվետվության հավելվածի՝ ՀՀ կառավարությունը կարծում է, որ «թերակատարել» է ծրագիրը, ինչը պայմանավորված է պահպանման ծախսերի խնայողությամբ և ազգային արժույթի արժևորմամբ:

Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգման համար (միջոցառում 31005) ԱԺ կողմից նախատեսված 3,387,521.1 հազար դրամը կառավարությունն ավելացրել է, դարձնելով 3,491,021.2 հազար, սակայն ծախսել է ԱԺ կողմից նախատեսվածից քիչ՝ 3,198,072.7 հազար դրամ: Այս ամենը 73.4 կմ ոռոգման ցանցի հիմնանորոգման համար: ԱԺ հաստատած ֆինանսավորման ծավալը ՀՀ կառավարությունն ավելացրել է ոչ թե ավելի շատ ցանց հիմնանորոգելու, այլ միևնույն 73.4կմ: Վերջնական արդյունքում 3,198,072.7 հազար դրամ ծախսել է միևնույն 73.4 կմ հիմնանորոգելու համար:

715 ջրաչափ սարքավորման ձեռքբերման համար ԱԺ-ն նախատեսել է 930 մլն դրամ: ՀՀ կառավարությունը 782.5 մլն դրամով ձեռք է բերել 771 ջրաչափ: www.armeps.am համակարգում չհաջողվեց գտնել այս գնման և 42.6 մլն դրամ խնայողության վերաբերյալ տեղեկատվություն:

ՀՀ կառավարության խաղողի, ծիրանի, ելակի, հատապտուղների, ընդեղենի և այլ գլխավոր պարենային մշակաբույս չհանդիսացող և հասարակության լայն շերտերի բարեկեցությանը նպաստ չբերող մշակաբույսերի արտադրության խթանումը կարող է վտանգել Հայաստանի պարենային ինքնաբավությունն ու անվտանգությունը, սոցիալական խնդիրների և ցնցումների պատճառ դառնալ:

Գլխավոր լուսանկարը՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter