HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղանկարչուհի Գայանե Խաչատրյանի 70-ամյակը նշանավորվեց վիրահայ նկարչուհիների ցուցահանդեսով

Վիրահայ նկարչուհիների աշխատանքների ցուցահանդեսը, որ նախաձեռնել էին Վրաստանի հայ նկարիչների միությունը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ ՀՀ սպորտի, երիտասարդության եւ մշակույթի նախարարությունների աջակությամբ, հունիսի 15-ին բացվեց Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Ցուցահանդեսը նվիրված էր վիրահայ տաղանդավոր նկարչուհի, վաղամեռիկ Գայանե Խաչատրյանի 70-ամյակին:  Ցուցահանդեսին ներկայացված 12 հայ նկարչուհիները, որոնցից շատերն անձամբ ծանոթ են եղել հայտնի գեղանկարչուհու հետ, այս ցուցահանդեսը համարում են յուրատեսակ խոնարհում իրենց ավագ ընկերոջ ու մեծ խորհրդատուի հիշատակի առջեւ:

Դահլիճը, որտեղ հավաքվել էին նկարիչներ, արվեստագետներ, հայ եւ վրացի մտավորականության ներկայացուցիչներ, փառահեղ տեսք էր ստացել շնորհաշատ երիտասարդ նկարչուհիների  վրձնած շուրջ 40 բարձրարվեստ կտավներից:

Բացելով ցուցահանդեսը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը խոսեց  Գայանե Խաչատրյան մեծ նկարչի աշխարհահռչակ արվեստի յուրահատկությունների, նրա երեւակայական եւ միստիկ աշխարհի անսահմանության մասին,  ընդգծելով, որ  արվեստի աշխարհում բոլոր ժամանակաշրջաններում սակավաթիվ, սակայն բարձրարժեք են եղել կին ստեղծագործողների վրձնած կտավները: Եվ ուրախալի է, որ վիրահայ համայնքն այսօր ցուցահանդեսին ներկայացրել է այնպիսի  կին նկարիչների աշխատանքներ, ովքեր բազմիցս մասնակցելով տարբեր ցուցահանդեսների, դիտողի կողմից արժանացել են  բարձր գնահատանքի եւ հիացմունքի, վկան՝ վերջերս Երեւանում կայացած վիրահայ նկարիչների ցուցահանդեսն էր,  որին մասնակցեցին թբիլիսահայ կին նկարչուհիներ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիկովան, Մարինա Խաչատուրովան եւ ուրիշներ:

Ելույթ ունեցողները, որոնց շարքում էին դերասանուհի Մելանյա Բարսեղյանը, նկարիչներ Ջովաննի Վեփխվաձեն, Ռոման Սողոլաշվիլին, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ մտավորականների Թբիլիսյան կազմակերպության նախագահ Ենոք Թադեւոսյանը, կարեւորեցին այն գեղագիտական աճը, որ ցուցահանդեսից-ցուցահանդես նկատվում է  Էռնա Դոլմազովայի, Մարիամ Տիպուխյանի, Եվգենյա Փարսադանովայի, Գայանե Մինասյանի, Ալլա Անտոնյանի,  եւ այլոց ստեղծագործություններում:

Միջոցառման ավարտին  օրհնության իր խոսքում  Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բարձր գնահատելով սույն ցուցահանդեսը, առաջարկեց  ընթացիկ մշակութային տարին հայտարարել հայտնի գեղանկարչուհի Գայանե Խաչատրյանի տարի:

«Հայարտուն» կենտրոնը տեղեկացնում է, որ հայ կին-նկարչուհիների ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հունիսի 25-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter