HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եղել և շարունակում եմ լինել Արցախի իմ քույրերի ու եղբայրների կողքին»․ Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի ԱԺ հայտարարությանը

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ մայիսի 22-ին ընդունած հայտարարությանը, որով դատապարտվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին խոսքերը։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարությունում ասվում է հետևյալը․

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու այսօրվա` արդեն ուղիղ և անսքող հայտարարությունից հետո ինձնից արձագանք պահանջելը պարզապես անհասկանալի է, եթե չասեմ՝ վիրավորական:

Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում: Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մեր բոլոր հայտարարություններում, ելույթներում, ուղերձներում անընդհատ շեշտել ու հայտարարել ենք մեր սկզբունքային մոտեցումները Արցախի հարցում, կետ առ կետ շարադրել  մեր դիրքորոշումները մեզ համար կենսական այդ հարցի, ինչպես նաև Հայաստանի կառավարիչների կործանարար քայլերի մասին: Դրանք որևէ փոփոխության ենթակա չեն: Բարձրաձայնել ենք, պայքարել ու շարունակում ենք պայքարել, որքան էլ մեզ զրպարտել են, վարկաբեկել, թիրախավորել՝ ականջալուր չլինելով մեր ահազանգերին ու նախազգուշացումներին:

Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է:

Եղել և հաստատապես շարունակում եմ լինել Արցախի իմ քույրերի ու եղբայրների կողքին՝ հավատարիմ իմ մարտական ընկերների շիրիմների առջև տված երդմանս՝ կիսատ չթողնել համատեղ սկսած գործը:

Խոսքերից զատ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը՝ անկախ ամենատարբեր  տարաձայնություններից ու ամբիցիաներից, որոնք ոչինչ են մեր ժողովրդի գլխին կախված արհավիրքի կողքին։

Արցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը  ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter