HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խստիվ դատապարտում են

Հունիսի 16-ին հայ քանդակագործ, ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի տարեդարձն է: Նա կդառնար 89 տարեկան: Քանդակագործ Չուբարյանը Հայաստանի առաջին սահմանադրության հեղինակ և­ ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր, հետագայում Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարյանի որդին էր: Նրա հեղինակած բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, իսկ նրա կերտած «Մեսրոպ Մաշտոցը», որը Մատենադարանից նայում է դեպի Մաշտոցի պողոտա, պարզապես ազգային մշակութային խորհրդանիշ է դարձել:

Հոբելյանական այս օրը Նալբանդյան 106/1-ի կառուցապատող հանդիսացող «Ավագ Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները՝ ՀՀ իշխանությունների, և մասնավորապես Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության լուռ համաձայնության պայմաններում, ներխուժեցին Չուբարյանների սեփական բնակելի տան հարակից տարածք, որտեղ գնտվում է Ղուկաս Չուբարյանի արվեստանոցն ու այգին, և որոշեցին երկաթե ցանկապատով առանձնացնել դրա մի հատվածը՝ բարձրահարկ էլիտար շենքերի շինարարության նպատակով:

Դեպքը հուզեց ոչ միայն Չուբարյանի կնոջն և դստերը, այլև շենքի մյուս բնակիչներին, ինչպես նաև Երևանի բազմաթիվ գիտակից քաղաքացիների: Այս հարցում հստակ է, որ ՀՀ իշխանությունները առաջնորդվում են խորհրդային ռեպրեսիվ, զավթողական մեթոդներով, որոնց պայմաններում Չուբարյանների հողատարծքը արդեն մեկ անգամ կրճատվել էր՝ տրամադրվելով ՆԳՆ նախկին մանկապարտեզին: Այսօր՝ անվանի քանդակագործի տարեդաձի առթիվ, փոխանակ պատկան մարմինները իրենց իսկ նախաձեռնությամբ և պահպանելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով հղված Կենտրոնի գոտիավորման նախագծի սահմանումները՝ աջակցեին անվանի գործչի ժառանգներին հիմնելու Չուբարյանի անվան մշակութային կենտրոն՝ նրանք, ընդհակառակը, խլում են այդ տարածքը և խախտելով օրենքը՝ հատկացնում այն Նալբանդյան 106/1-ի կառուցապատողին:

Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում հայ արվեստի, կրթության և լուսավորության բնագավառում մեծ վաստակ ունեցող գործիչների սեփականության զավթման առնչությամբ: Սա գնահատում ենք որպես մի անօրինակ խայտառակություն Հայաստան երկրի և հայ ժողովրդի համար, և գտնում ենք, որ այդ խայտառակության համար պատասխանատվություն են կրում հենց պատկան մարմինները:

Խստիվ դատապարտում ենք այն փաստը, որ քաղաքային իշխանությունները արտոնում են Երևանի կենտրոնի գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեություն՝ կոպտորեն խախտելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի դրույթները:

Քրեորեն պատժելի այս գործունեության թե՛ կարգադրիչները և թե՛ կատարածուները պետք է պատասխանատվության ենթարկվեն և հասարակության առջև մեկ առ մեկ ճանաչվեն որպես հայ մշակույթի գործիչների հիշատակն անարգող անձինք, որոնց փոխարինումը համարում ենք քաղաքաշինության ոլորտի համակարգային զարգացման թիվ մեկ նախադրյալ: 

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Փրկենք հուշարձանները» նախագիծ

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Մենք ՀՀ նախագահին ամեն ինչից հեռու ենք պահում, կարծես թե նա մեր նախագահը չլինի: Այսպիսի նամակները պետք է ուղղվեն նրան ու նրանից պահանջվեն հրապարակային պատասխաններ: Թերթում գրելը հավասարազոր է չասելուն, որովհետև իշխանավորը բացեբաց ասում է` թող ժողովուրդը հաչա, միևնույն է` մեր գործը աջ ա: Ասենք, նախագահին էլ գրես նույնն է լինելու: Պարզապես մի ալիք պետք է բարձրացնել` ըննդեմ խայտառակությունների: Աստված մեր երկրում ապրողների հետ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter