HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է նաեւ պաշտոնավարող դատավորների համար սահմանել բժշկական զննության իրականացման հնարավորություն

Կառավարության հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը կիրառելի դարձնել նաեւ պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաեւ վերջիններիս համար նախատեսել բժշկական զննության իրականացման հնարավորություն: Բացի այդ, օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի շրջանակում ամրագրվում է լիազորող նորմ` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու համար:

ԱԺ պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը նշել է, որ գործող օրենսգրքում անդրադարձ չի կատարվում նշանակված դատավորների բժշկական զննության իրականացման կարգին, ինչի պատճառով գործնականում դժվարություններ են առաջանում գործընթացը կազմակերպելու հարցում:

Ըստ փոխնախարարի` բացակայում է դատավորի, դատավորի թեկնածուի հավակնորդի, դատավորի թեկնածուի բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու լիազորությունը: Կատարվող լրացումների շրջանակում նաեւ օրենսդրական հիմք կստեղծվի լիազոր մարմնի կողմից համապատասխան կարգի ընդունման համար:

Նշվել է, որ առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտերում չեն կիրառվում «ֆիզիկական արատներ եւ հիվանդություններ» ձեւակերպումները, ուստի օրենսգրքի կարգավորումները գործող ոլորտային օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է փոփոխել բոլոր այն հոդվածները, որտեղ կիրառվում են «ֆիզիկական արատներ եւ հիվանդություններ» կամ «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» ձեւակերպումները:

Հիմնական զեկուցողի հավաստմամբ օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաեւ 159-րդ հոդվածի 3-րդ մասը բժշկական զննության կազմակերպման գործընթացում նախատեսում են իրավասու մարմնի` այն է Առողջապահության նախարարության ներգրավում: Նշված պայմաններում Առողջապահության նախարարության գործառույթը սահմանափակվում է դիմումը համապատասխան բժշկական կազմակերպությանը փոխանցելով: Գործընթացն առավել արագ կազմակերպելու եւ անհարկի միջնորդավորվածությունից խուսափելու նպատակով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից դիմումի ներկայացում անմիջապես համապատասխան բժշկական հաստատությանը:

Ըստ Արմեն Նազարյանի` նախագծի ընդունմամբ օրենսդրական հիմք կսահմանվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից բժշկական զննության իրականացման կարգի ընդունման համար: Բացի այդ, առողջապահության ոլորտում կիրառվող հասկացությունների մասով կկատարվեն անհրաժեշտ համապատասխանեցումներ:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն ու կարեւորել նախագծի ընդունումը:

Լուսանկարում՝ Արմեն Նազարյանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter