Սանտուշ. «Օդում ճախրել չի կարելի»
Շնորհավորելով մրցակցին հաղթանակի առիթով՝ ռուսների գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը կարծիք է հայտնել, որ իր թիմը լավ էր խաղում, շատ էր գրոհում, իսկ հույները միայն պաշտպանվում էին: Հոլանդացի մասնագետը շեշտել է, որ թիմի նպատակը եղել է հաղթելը, այլ ոչ թե ոչ-ոքի խաղալը: «Հույները հաշիվ պահելու իսկական վարպետներ են, դրա համար էլ մեզ համար իսկապես դժվար էր»,- խոստովանել է Ադվոկատը:
Վերջինս դժվարացել է ասել, թե ինչու թիմը երկրորդ կեսում չէր կարողանում որեւէ բան անել: Սակայն նաեւ շեշտել է, որ պատասխատվությունն ամբողջությամբ իր վրա է, եւ չի մեղադրում թիմին: Միաժամանակ հոլանդացին ասել է, որ զուգահեռ ընթացող խաղին բացարձակ չէին հետեւում, կարեւորը սեփական հանդիպումն էր:
Ի դեպ, Դիկ Ադվոկատի համար սա վերջին հանդիպումն էր ռուսների մարզչական ղեկին:
Դե իսկ հույների պորտուգալացի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշը խոստովանել է, որ բոլորն անսահման երջանիկ են. «Այս արդյունքը մրցանակ է մեզ՝ բոլոր տանջանքների դիմաց: Բախտը մեր կողմից էր, եւ դա հիանալի է»: Սանտուշի կարծիքով՝ թիմի հիմնական խաղաքարտը բարձր կենտրոնացվածությունն է, որը բացակայում էր չեխերի հետ խաղում: Հենց այդ հատկանիշն է օգնել թիմին հաղթել ռուսներին, ինչի համար մարզիչը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներից՝ նշելով նրանց ինքնանվիրումը դաշտում:
Շեշտելով, որ Ռուսաստանը շատ ուժեղ թիմ ունի՝ պորտուգալացին ասել է, որ մրցակցին ազատ տարածություն է պետք հակառակորդի կիսադաշտում՝ վտանգավոր գրոհելու համար, ինչի հնարավորությունը Հունաստանի հավաքականը չտվեց. «Ինչ-որ մեկը կասի, թե ռուսները տիրում էին նախաձեռնությանը ամբողջ խաղի ընթացքում, սակայն դա արդեն նշանակություն չունի»:
Սանտուշը կարեւորել է հանգամանքը, որ օդում ճախրել չի կարելի, ու արդեն այսօր սկսելու են պատրաստվել 1/4 եզրափակչին: «Թող որ հաղթեցինք այս խաղը, սակայն մենք աշխարհի լավագույն թիմը չենք, ինչպես որ վատագույնը չէինք, երբ չհաղթեցինք առաջին երկու խաղում: Մեր ավագ Կարագունիսը որակազրկման պատճառով չի մասնակցի հաջորդ խաղին, սակայն ես նրան արժանի փոխարինող կգտնեմ»,- եզրափակել է հույների գլխավոր մարզիչը:
Լուս.՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել