HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

1 տոննա կոկաինի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետի նկատմամբ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

«Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք՝ 1 տոննա կոկաինի գործով ավելի վաղ մի քանի հարց էինք ուղղել ԱԱԾ-ին, այդ թվում՝ հարցրել էինք, թե որ ընկերության մասին է խոսքը՝ ԱԱԾ-ի՝ մայիսի 17-ին տարածած հաղորդագրությունում։ ԱԱԾ-ն չէր պատասխանել մեր հարցերին՝ հիմնավորելով նախաքննական գաղտնիքով, բայց, փաստորեն, այսօր ԱԱԾ-ն մամուլի հաղորդագրությամբ հայտնում է ընկերության անունը։

Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության միակ սեփականտերն ու տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։

«Մրգենի» ՍՊԸ-ի գրանցման հասցեն 2019-2020 թվականներին եղել է Երևանի Ռուբինյանց փողոցում, այն նույն հասցեում, որտեղ գրանցված է նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Միհրան Պողոսյանի հետ կապվող «Քեթրին Գրուպ» ընկերությունը, որին ժամանակին պատկանում էր Հայաստան բանանի ներմուծման մենաշնորհը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter