«Կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող ընկերություն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է»․ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում այս նիստին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչ արդյունքներ կան օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված մոտ մեկ տոննա կոկաին տեսակի թմրանյութի գործով: Պատգամավորի դիտարկմամբ, թեև նախաքննական գաղտնիքից ելնելով մանրամասներ հնարավոր չէ ակնկալել, սակայն տեղեկատվության պակասը տարբեր խոսակցությունների տեղիք է տալիս: Մասնավորապես այն, որ թմրանյութերի ներկրողները հնարավոր է հովանավորվում են Կառավարության կամ քաղաքական թիմի կողմից:
Նշենք, որ 2.7 տոննա թմրանյութ էլ հայտնաբերվել էր Իտալիայում, և ըստ հաղորդագրությունների՝ պետք է տեղափոխվեր Հայաստան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեպքն իրոք արտառոց է: Վարչապետը հայտնեց, որ ԱԱԾ-ն քիչ առաջ այդ գործով իրականացրել է առաջին ձերբակալությունը:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է:
«Բայց նաև հետևյալն եմ ուզում ասել, որ չեմ կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել: Գիտեք, ցավոք, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Հայաստանում և ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել: Ընդ որում, կարող է ներգրավված լինեն տարբեր մարդիկ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը գոհացուցիչ համարեց բացահայտվող ծավալների աճը:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ 1 տոննա կոկաինի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ՝ թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով, և նա ձերբակալվել է։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության միակ սեփականտերն ու տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։
«Մրգենի» ՍՊԸ-ի գրանցման հասցեն 2019-2020 թվականներին եղել է Երևանի Ռուբինյանց փողոցում, այն նույն հասցեում, որտեղ գրանցված է նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Միհրան Պողոսյանի հետ կապվող «Քեթրին Գրուպ» ընկերությունը, որին ժամանակին պատկանում էր Հայաստան բանանի ներմուծման մենաշնորհը։
Մեկնաբանել