HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանցին խաբել է եզդի ֆերմերին. քրգործի քննությունը ձգձգվում է

Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, եզդի ֆերմեր Միլազմ Ավդոյանը դիմել է «Հետքի» խմբագրություն՝ ահազանգելով, որ խաբեության զոհ է դարձել, իսկ Արմավիրի դատախազությունն ու Քննչական կոմիտեն հարուցված քրգործի քննությունը ձգձգում են, և գործը չի հասնում դատարան։

Միլազմ Ավդոյանը 2021թ․-ի հոկտեմբերին Իրանի քաղաքացի Ղասեմ Աբդուլահ Նեժադի հետ պայմանագիր է կնքել և վաճառել է 200 հատ հորթ։ Վերջինս խոսք է տվել գումարը վճարել մի շաբաթվա ընթացքում, սակայն մինչև այժմ դա չի արել։ Գործարքի ընդհանուր գումարը կազմել է 30 մլն դրամ։

«Մի ամիս անցավ՝ չտվեց, երկու ամիս անցավ՝ չտվեց, տենց մինչև 2022-ի ապրիլը խաբեց, տարավ-բերեց, ես էլ իմացա, որ խաբվել եմ, բողոքեցի ոստիկանություն»,- «Հետք»-ին պատմեց Ավդոյանը։

Ոստիկանություն դիմելուց հետո Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) քրգործ է հարուցվել, Ավդոյանը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է, նրա և Նեժադի մասնակցությամբ տեղի է ունեցել առերես հարցաքննություն։ Իրանի քաղաքացու հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Ավդոյանի խոսքով՝ էքսպերտիզան ապացուցել է, որ Նեժադը կեղծել է իր ստորագրությունն ու անասունների հետ կապված կարանտինի թղթերը։

«Մի ամիս առաջ գործով քննիչը ինձ ասեց՝ կգաք, գործի նյութերին կծանոթանաք, բայց տենց էլ չի կանչել։ Գործը արդեն պիտի մտնի դատարան, բայց ինչ-որ խաղեր են տալիս, մի տարի ա արդեն գործը դատարան չեն ուղարկել»,- ասում է Ավդոյանը։ Ըստ նրա՝ քննիչն ու դատախազը փորձում են գործը կոծկել։

Ավդոյանը դիմում–բողոքով երկու անգամ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։ Ըստ ստացած պատասխանների՝ (երկու դեպքում էլ պատասխանը կազմել է Արմավիրի մարզի դատախազության դատախազ Աշոտ Մարտիրոսյանը) քրգործի ուսումնասիրությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու մասին վկայող տվյալներ չեն հայտնաբերվել։

Զրուցեցինք գործով քննիչ Արամ Ղուկասյանի հետ և հարցրինք, թե ինչու է գործի քննությունը ձգձգվում, ինչու գործը չի ուղարկվում դատարան՝ հաշվի առնելով այն, որ Ավդոյանը տուժող է ճանաչվել, իսկ Նեժադի հանդեպ ընտրվել է խափանման միջոց։ Ղուկասյանն ասաց, որ գործով կատարվում է նախաքննություն։ Այլ մեկնաբանություն չստացանք։

Սա առաջին անգամը չէ, որ Նեժադը Ավդոյանի հետ առուվաճառքի գործարքի մեջ է մտնում և գումարը չի վերադարձնում։

Այսպես, դեռ 2015-ին Նեժադը Ավդոյանից բանավոր պայմանավորվածությամբ վերցրել է 54,8 մլն ՀՀ դրամին համարժեք մսամթերք, որից 7,4 մլն դրամը չի վերադարձրել։ Ավդոյանը դիմել է դատարան և 2018-ին դատարանը վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով Նեժադին վերադարձնել 7,4 մլն դրամ պարտքը։

Ավդոլյանի իրավապաշտպան Այսեր Իսայանի պնդմամբ՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից եզդի ֆերմերներին խաբելու և խարդախության դեպքերը շատացել են վերջին մի քանի տարիների ընթացքում, իսկ իրավապահ մարմինները ձգձգում են գործերի քննությունը։ Իսայանի կարծիքով՝ իրավապահ համակարգում կան ոչ կոմպետենտ ծառայողներ, որոնց գործողությունների պատճառով քաղաքացիները կորցնում են վստահությունը իրավապահ մարմինների հանդեպ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter