HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խաղաղությունը» պատերազմ է

Որպես դեղերի ներկրմամբ զբաղվող «Վագա ֆարմ» ընկերության ղեկավար՝ միշտ պայքարում եմ պետական չինովնիկների կամայականությունների, ոչ ադեկվատ որոշումների  դեմ:  Պատերազմից հետո առաջնահերթությունները փոխվել են. ոլորտային խնդիրները ստորադասված են անվտանգային մարտահրավերներին:  Հայաստանում ֆինանսական  ակտիվությունը՝ պայմանավորված  ՌԴ հանդեպ  պատժամիջոցներով, շինարարական բումը, Երևանի կենտրոնի աշխույժ եռուզեռը, լավատեսության, ապահովության  պատրանք են ստեղծում: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով ու անկլավներով ճանաչելու հայտարարությունից հետո, սակայն,  վտանգներն ավելի շոշափելի են դարձել. ՀՀ վարչապետը  վերջին 30  տարիների իրավական, քաղաքական եղելությունները մեկնաբանում է բացառապես ի վնաս Հայաստանի և հօգուտ Ադրբեջանի: 

Այսպես. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը իրավական բոլոր լեգիտիմ ընթացակարգերով ամրագրված է: Նախ՝  «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» 1989 թ.-ի դեկտեմբերի  1-ի որոշմամբ  ՀԽՍՀ ԳԽ-ն ճանաչել  է ԼՂ ինքնավար մարզի ինքնորոշման փաստը, այնուհետև հռչակել ԼՂԻՄ-ի  վերամիավորումը Հայաստանի հետ՝ որպես նպատակ, որին հասնելու համար համապատասխան մարմիններին հանձնարարվում է սույն որոշումից բխող գործնական քայլեր ձեռնարկել: Այսինքն՝ հռչակված վերամիավորումը դիտվել է՝ որպես անկասելի գործընթաց: Հաջորդը ՀՀ Անկախության հռչակագիրն է, որտեղ ՀՀ հռչակման հիմքուն նաև  1989 թ.-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումն է:

Արդեն 1991թ.-ի սեպտեմբերի  2-ին,  Ադրբեջանի կողմից օգոստոսի 29-ին անկախություն հռչակելու որոշումից հետո, Լեռնային Ղարաբաղը,  ԽՍՀՄ 1990 թ.-ի ապրիլի 3-ի ՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին՚  օրենքի պահանջներին համապատասխան,  հռչակվել է  որպես Ադրբեջանից դուրս Հանրապետություն, որում գործում են ԽՍՀՄ սահմանադրությունն ու օրենքները (Հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» ) : Այնուհետև,  արդեն դեկտեմբերի 10-ի հանրաքվեով   ձեռք է բերել իր անկախությունը  ԽՍՀՄ-ից:


1992-ի հուլիսի 8-ի ՀՀ ԳԽ  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշմամբ ,«հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա՝ ՀՀ համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում», այսինքն՝ ՀՀ-ն  ճանաչել է ԼՂ հանրաքվեն:
Իր ասուլիսում ՀՀ վարչապետը  ԼՂ անկախության  իրավական լեգիտիմությունը կասկածի տակ է դնում՝ «ԼՂ-ն անկախանալով ՝ ումի՞ց է հայտարարել անկախությունը՝ Հայաստանի՞ց, թե՞ Ադրբեջանից»: Այսպիսով՝ իբր ցույց է տալիս, թե անկախություն հռչակելով՝ խախտվել է  1989 թ.-ի՝ ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին որոշումը: «Եթե Հայաստանից, ապա խախտվել է 1991թ.-ի դեկտեմբերի 1-ի՝ վերամիավորման որոշումը և ՀՀ Անկախության հռչակագիրը: Եթե Ադրբեջանից, ինչպե՞ս է Ադրբեջանից անկախանում, եթե կա վերամիավորման որոշում. այդ դեպքում խախտվել է վերամիավորման որոշումը»:
Մինչդեռ ԼՂԻՄ-ը անկախացել էր ոչ Հայաստանից, ոչ Ադրբեջանից:  1991թ.-ի սեպտեմբերի  2-ին, ինչպես վերևում մեջբերել ենք, Արցախը միջանկյալ քայլով դուրս էր եկել Ադրբեջանի կազմից , այնուհետև դեկտեմբերի 10-ի հանրաքվեով՝ անկախացել ԽՍՅՄ-ից:
Իրավական այս հիմնարար դրույթները ՀՀ վարչապետը մեկնաբանում է՝ ի վնաս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման. իբրև թե  օրենսդրական շիլաշփոթը Ղարաբաղի ինքնորոշման իրավական հիմք չէ:
 Որպես իր պնդման հիմնավորում ՝ նաև բերում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե խաղաղություն. լրջանալու  պահը» հոդվածը, որում  հոդվածագիրը նշել էր, թե «ԼՂ անկախության հարցում մենք բարեկամներ չունենք»: Այստեղից Փաշինյանը հարց է տալիս՝  Տեր-Պետրոսյանը, այդպիսով,  խախտե՞լ է ՀՀ ԳԽ որոշումը,  Հռչակագիրը, Սահմանադրությունը: 
Նույն տրամաբանությամբ էլ՝ հաջորդ իշխանությունների՝ իրավական որևէ ուժ չստացած բանակցային քննարկումները ևս   ներկայացնում է՝ որպես ՀՀ  օրենսդրության  խախտում:
ԼՂ-ի հանձնումը վարչապետը ներկայացնում է՝ որպես նախկինների օրոք արդեն  տեղի ունեցած իրողություն, որի պատասխանատվությունն ինքը չի կրում, սակայն
2018-ի իշխանափոխության ժամանակ  վստահության  քվեն տրվել էր նրան  նախևառա՜ջ ՀՀ անվտանգային խնդիրները լուծելու նպատակով: Խնդիրների վրա ժողովրդի ուշադրությունը բևեռելու փոխարեն՝ պատրաստվել հնարավոր  պատերազմի,  միացավ ֆալշը: Օրինակ՝ պետության հիմնական խնդիր էր  կարգվել պետական ողջ ներուժը ուղղել ՍԴ նախագահի հեռացմանը, վերջում էլ  կազմակերպելով դրա  համաժողովրդական հանրաքվեն: 

Մի դեպքում՝ Արցախի հանձնումը նախկինների ժամանակ որոշված էր: Մյուս դեպքում՝ խաղաղության պայմանագիրը, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս. սա էլ արդեն՝  ժողովրդի քվեով իրեն պատվիրակված հանձնառություն :

Հետևաբար՝ պետք է կատարել ժողովրդի պատգամն ու գնալ խաղաղության օրակարգի,  որը ներկայացվում է՝ որպես միակ  պրագմատիկ, ռացիոնալ լուծում, որով հնարավոր է փրկել հանրագիտարանային   29 800  քառ.կմ-ն :
Մինչդեռ, պատերազմից հետո հավաքած ձայների հիմքում  Փաշինյանի խաղաղության օրակարգը չէր:  Քոչարյանի վերադարձը բացառելը: 
Պատերազմից հետո Փաշինյանն ասաց, որ անկեղծ չի եղել՝ իրականությունը ներկայացնելու առումով, հիմա պարզ ասում է, որ չի տեսնում որևէ այլ շանս՝ փրկելու Հայաստանի  29 800 քառ. կմ-ը : 

Ամենապարզ ու պրագմատիկ մոտեցումը ոչ թե պետությունը մաս-մաս հանձնելն է, այլ պետությունը թշնամուն դիմագրավելու մանրակրկիտ, նպատակաուղղված աշխատանքը: Այսպես  հնարավորություն կունենանք պետությունը պահպանելու: Հակառակ դեպքում , եթե կատարվի  Փաշինյանի «խաղաղության» ծրագիրը,  դառնալու ենք  ռեզերվացիա, որի օրակարգի հարցերն այժմ էլ ակտուալություն են ստացել՝ ինչպես չորացնել խնջլոսը՝ ձմռան համար,  ինչպես է պետք ուտել քալագյոշը կամ, հաջորդ կարևոր հարցադրումը,  ինչպես սովորել սնվել…

Այն, որ այսօր Փաշինյանն ունի հնարավորություն՝ առանց վախենալու հայտարարել,թե Հայաստանը ճանաչում է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, ունի մեկ հիմնավորում. համաժողովրդական անհամաձայնությունը առաջնորդող ուժ չկա:
Այն վիճակն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր համար պետք է որոշում կայացնի՝ պատրա՞ստ է դառնալ ռեզերվացիայի բնակիչ, թե՞ պետք է քաղաքացիական անհնազանդության մասնակցելով, անգամ առանց առաջնորդող ուժի, դուրս գա փողոց:  

Յուրաքանչյուրիս՝ մեր ստվարաթղթե ֆուտլյարում ապահովության  զգացումը թվացյալ է: «Խաղաղությունը»  պատերազմ է, այս դեպքում, նաև՝ Արագածի կորուստ:

Վահե Վարսանյան, «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր

Մեկնաբանություններ (1)

Kamo Grigoryan
Երկիր մոլորակի ու բնության մեջ, խաղաղություն, ընդհանրապես չկա։ ՉԵ՞ք հավատում։ Ձեզ բոլորիդ մի պարզ տրամաբանական հարց՝ բերեք թեկուզև մեկ օրինակ, որ բոլոր ժամանակներում Երկիր մոլորակի վրա ներկայումս ապրող, ապրած ու հետագայում ապրող մի մարդ չի՛ հիվանդացել, թեկուզև գրիպով։ Պատասխանը կարճ է՝ ՉԿԱ։ Սա բժշկական լեզվով ասած մարդուս հիվանդությունն է, իսկ քաղաքական լեզվով՝ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ Է ԸՆԴԱՆՈՒՄ։ Մարդս ի՞նչ է անում իր հիվանդությունը, գրիպը, կանխելու համար։ Մեկը դեղեր է օգտագործում, իսկ մյուսը՝ հոնի մուրաբա՝ իր գրիպային պատերազմը կանխելու համար։ Այլ կերպ, յուրաքանչյուր մարդ պատրաստ է իր ներքին պատերազմը /հիվանդությունը/ հաղթահարելու, իսկ հայ ազգը իր անվտանգությունը ապահովելու համար հողեր էզիջում, չհասկանալով, որ բնության մեջ կա երեք հարստություն՝ ՕԴ/ ՋՈՒՐ և ՀՈՂ։ Եթե սրանցից թեկուզև մեկը չլինի, ապա Երկիր մոլորակի վրա անգամ մոլախոտ չի լինելու։ Խելքի եկեք իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ։ ՀԻՇԵՔ՝ ՊԵՌՃ ՊՌՈՇՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԸ <<ՀՈՒՆԱՆ>> ՎԵՊԻՑ՝ <<ԳՅՈՒՂ ԿԱՆԳՆԻ, ԳԵՐԱՆ ԿԿՈՏՐԻ>>։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter