HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փողերի լվացման դեպքով նոր քրեական հետապնդում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ

Դատախազությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ փողերի լվացման դեպքով հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում։

«Հսկող դատախազի` 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից փողերի լվացման հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում. Ս.Խ.-ի՝ 2021 թվականի մեղադրանքը լրացվել է:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Խ.-ն, 2004 թվականից մինչև 2013 թվականի հունիսի 6-ը, այնուհետև՝ 2014 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 6-ը, զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ, մասնակցել է լեռնաարդյունաբերության բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Լեռ-ԷՔՍ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) կառավարմանն ու օրինականացրել է այդ գործունեությունից հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլրդ 805 մլն 587 հազար դրամը: 

Հանցավոր ճանապարհով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված 16 մլրդ 805 մլն 578 հազար դրամը Ս.Խ.-ն միախառնել է իր այլ եկամուտների հետ ու տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, իր և մերձավորների անվամբ հաշվառված տարբեր ընկերություններում ներդրումներ կատարելու եղանակներով, դրանց հաղորդել է օրինական տեսք:

Այդ նպատակով 2012 թվականի օգոստոսի 21-ից հետո Ս.Խ.-ն, ի թիվս այլնի, կատարել է մի շարք գործարքներ, ինչպես նաև ձեռք է բերել և իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել հետևյալ գույքերը.

  •  2012 թվականի սեպտեմբերի 12-ին և 13-ին մոտ 10 մլրդ դրամ է փոխանցել օֆշորում գործող ընկերությանը,
  • 2012 թվականի օգոստոսի 22-ին 16 մլն դրամ է փոխանցել ջրային և ամենագնաց մոտոցիկլներ ձեռք բերելու համար,
  • 2012 թվականի նոյեմբերի 29-ին մոտ 22 մլն դրամ փոխանցում է կատարել՝ 2 ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով.
  • 2012 թվականի օգոստոսի 22-ին և նույն թվականի նոյեմբերի 27-ին մոտ 2,5 մլրդ դրամի ավանդներ է ներդրել երկու բանկում,
  • 2012 թվականի դեկտեմբերի 19-ին և նույն թվականի դեկտեմբերի 27-ին իր հաշվեհամարից մոտ 92 մլն դրամի փոխանցումներ է կատարել՝ ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով,
  • 2013 թվականի մայիսի 15-ին և 21-ին մոտ 1,6 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել՝ Ռուսաստանի Դաշնությունում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով,
  • 2013 թվականին մոտ 146 մլն դրամի ներդրում է կատարել դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 11-ին իր և այլ անձի անվամբ ձեռք բերված ընկերության կանոնադրական կապիտալում,
  • 2014 թվականի ապրիլի 25-ին մոտ 54 մլն դրամով ձեռք է բերել նույն թվականի արտադրության ավտոմեքենա,
  • 2014 թվականի հուլիսի 14-ին ներդրման պայմանագրերի հիման վրա Ս.Խ.-ի կողմից մոտ 10 մլրդ դրամի ներդրում է կատարվել իր կողմից ստեղծված մեկ այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում, 
  • 2014 թվականի դեկտեմբերի 1-ին կատարել է մոտ 75 մլն դրամի ներդրում,
  • 2015 թվականի ընթացքում Ս.Խ.-ի կողմից ներդրվել է մոտ 950 մլն դրամի ավանդ և այլն:

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի նկատմամբ 2021 թվականի ապրիլի 8-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Նորավան համայնքի ղեկավարին դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ գույքի վատնում,  ինչպես նաև երկու այլ դեպքերով դրդել էր պաշտոնատար անձանց կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզպետ Ս.Խ.-ն 2010 թվականի մայիս-հունիս ամիսներին, մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող Կապան քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրենին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, ինչի արդյունքում իր որդու՝ Տ.Խ.-ի անվամբ տրվել է հանրակրթական դպրոցն ավարտած լինելու հանգամանքը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտական վկայական (ատեստատ): 

Բացի այդ, Ս.Խ.-ն, 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղեկանալով, որ 2014 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Ակներ համայնքի 15-րդ փողոցի 7/1 հասցեում գտնվող 1 հա մակերեսով հողամասը հյուրանոցային համալիր կառուցելու համար օտարվել է նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմին, լարված միջանձնային փոխհարաբերություններ ունենալով Վ.Հ.-ի հետ, գնված հողատարածքը հետագա ներդրումների համար ոչ պիտանի դարձնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, Ակներ համայնքի ղեկավար Ս.Մ.-ին տվել է ապօրինի կարգադրություն՝ նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմի կողմից գնված հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքը կեղծ աճուրդի միջոցով օտարել իր կողմից նշված անձին՝ Ա.Գ.-ին: Արդյունքում՝ օրենքի խախտմամբ՝ առանց աճուրդին երկրորդ կողմի մասնակցության, Ա.Գ.-ն ձեռք է բերել Սյունիքի մարզի Ակներ համայնքում գտնվող 0.43 հա մակերեսով հողատարածքը:

Այսպիսով, Ս.Խ.-ին վերագրվում են հանցանքների կատարում՝ նախատեսված՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (վստահված գույքը հափշտակելուն դրդելը) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը) (2 դրվագ)»,-հայտնում է դատախազության Հանրային կապերի բաժինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter