
Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանին» պիեսը Գյումրու դրամատիկականի բեմում
Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկը աբսուրդի թատրոնի լավագույն ներկայացուցիչներից է: Սակայն նրա աշխարհը աբստրակտ չէ, նրա պիեսները ծնվում են իրականությունը դիտարկելու արդյունքում: «Տունը սահմանին» պիեսը Ս. Մրոժեկը գրել է 1967-ին՝ ազդված 1934-1939թթ. իրադարձություններից, որոնց արդյունքում Լեհաստանը, որպես ինքնուրույն պետական միավոր, պարզապես դադարեց գոյություն ունենալ: 1939թ. սեպտեմբերին նացիստական Գերմանիան իրականացրեց Վայսի նախագիծը՝ ներխուժելով Լեհաստան, նրան միացան ԽՍՀՄ զորքերը, Ազատ քաղաք Դանցինգի և Սլովակիայի ջոկատները: Մեկ ամսից մի քիչ ավելի տևած պատերազմը բերեց պարտության՝ բաժանելով Լեհաստանի տարածքը Գերմանիայի ու ԽՍՀՄ-ի միջև` ըստ Խորհրդա-գերմանական սահմանագծային պայմանագրի:
«Տունը սահմանին» պիեսը գրվել է մոտ 60 տարի առաջ, սակայն ներկայում էլ, համաշխարհային ռազմաքաղաքական իրադարձությունների ֆոնին, այն շատ արդիական է: Ինչի՞ մասին է Մրոժեկի ստեղծագործությունը:
Երեկոյան խաղաղ ընթրիքը համեստ, սովորական մի ընտանիքում ընդհատվում է դիվանագետների խմբի այցելությամբ: Նրանք եկել են միջազգային նշանակության հանձնարարությամբ՝ անցկացնել պետական նոր սահման: Բայց որտե՞ղ: Պարզվում է սահմանը պետք է անցնի տան հյուրասենյակի միջով: Քանի որ պետական սահմանի անցկացման որոշումը չի կարող բողոքարկվել, ապա ընտանիքի լուռ համաձայնությամբ` դիվանագետներն անցնում են գործի:
Պիեսի գործող անձինք հատուկ անուններ չունեն: Եվ կերպարները, և իրադարձություններն ընդհանրացված են: Այս ամենը կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակաշրջանում, երկրագնդի ցանկացած կետում: Նույն որոշում կայացնողները կարող են հայտնվել քո տանը, եթե թույլ տաս:
«Դիվանագետ-Սա միջազգային գործ է: Տեղի է ունեցել միջազգային կոնֆերաս, ես կասեի՝ համաշխարհային...
Աներհայր (այդ պահին վերջացրել է ուտելը)-Ես էլի եմ ուզում ուտել:
Ես- Լռություն...Այստեղ Եվրոպան է ելույթ ունենում:
Դիվանագետ-Կոնֆերանս՝ սահմանազատման վերաբերյալ...
Ես-...հրաշալի է, բրավո, բրավո...
Դիվանագետ--...և որոշվել է, որ պետությունների միջև սահմանը լինելու է այստեղ:
Ես-Հրաշալի է: Այստեղ, այսինքն որտե՞ղ...
Դիվանագետ-Այստեղ, ձեր տան միջով:
Ես-հյուրասենյակու՞մ...
Դիվանագետ-...և խոհանոցում: Հիմա մենք ամեն ինչ կգծենք»:
Գյումրու դրամատիկական թատրոնում պիեսի բեմադրական աշխատանքներին ձեռնամուխ էր եղել երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանը դեռևս անցած տարվա սեպտեմբերից:
«Պիեսի ասելիքն ակտուալ է, բայց դա չի նշանակում, որ մենք այն տեղայնացրել կամ հայկականացրել ենք: Սակայն հանդիսատեսն անպայման կհասկանա ասելիքը, կընկալի տողատակը՝ էն, որ չի կարելի զիջել, չի կարելի խեղճանալ, ինչ ազգության էլ պատկանելիս լինես, որտեղ էլ որ ապրես,-նկատում է ռեժիսորը,-ներկայացումը ողջամտության ձայնն է թատրոնի բեմից: Պիեսն ենթարկվել է կրճատումների, բայց հիմնական ասելիքը պահպանվել է: Երկար ժամանակ չէի կարողանում վերջաբան գտնել պիեսի մեր տարբերակի համար: Ի վերջո ընտրեցինք մի վերջաբան, որն ըստ մեզ, ավելի ճիշտ լուծում պիտի լինի նման իրավիճակում»:
Տունը, որ հայտնվել է սահմանին և դառնալու է բաժանարար գիծ երկու պետությունների միջև, որտեղ եվրոպացի դիվանագետները քննարկում են կազմակերպել, պարզվում է այնքան էլ տրամադրող միջավայր չի ապահովում կոնֆերանսի համար, քանզի հյուրասենյակի կենտրոնում դրված սեղանը կլոր չէ, այլ՝ ուղղանկյուն: Եվ դիվանագետների պահանջով ու տանտիրոջ թույլ դիմադրության պայմաններում, կտրում են սեղանի չորս անկյունները: Դիտողը կմտածի՝ մանրուք է, նորը կգնեն կամ կվերանորոգեն, սակայն անտրամաբանական այդ մանր զիջումներից էլ սկսվում է մեծի կորուստը: Կպատկերացնեի՞ն ընտանիքի անդամները, որ իրենց կյանքում ամենաթեթև փոփոխությունը լինելու է սղոցված սեղանը: Որովհետև գալու է ավելի ծանր շրջան, երբ սեփական տանը տեղաշարժվելու համար անցաթղթի կարիք է լինելու:
«Դիվանագետ-մենք խնդրանք ունենք:
Ես-ասեք, համարձակ...
Դիվանագետ-մեզ սղոց է պետք:
Ես-բայց ինչու՞...
Դիվանագետ-միջազգային ընդունված նորմերի համաձայն, բոլոր կոնֆերանսները պետք է անցկացվեն կլոր սեղանի շուրջ: Իսկ ձեր սեղանը ուղղանկյուն է: Օրենքը դա թույլ չի տալիս: Դրա համար էլ ուզում ենք սղոցել սեղանը:
Կինը-ինչպե՞ս...
Դիվանագետ-միայն չորս անկյունները, եթե թույլ տաք:
Աներհայր-այ քեզ բան, էլ ինչ կուզեի՞ք...
Ես-լռի՛ր, հայրիկ: Իսկ չի կարելի առանց կտրելու՞...
Դիվանագետ-ոչ, չի կարելի, մեզ կլոր սեղան է պետք:
Ես-Լսեցի՛ր, հայրիկ, պատվիրակությունը ցանկանում է...սղոցը...
Աներհայր-լավ, լավ...
Կինը-օ՜հ, իմ սեղանը... »:
Առաջին թույլ դիմադրությունը հաղթահարելով` դիվանագետներից մեկի խելքին փչում է արգելել ընտանիքի անդամներին աղոթել. «...բարձրաձայն մի աղոթեք, որովհետեւ բարձր աղոթելը դեմ է կրոնի ազատությանը»,-նկատում է կին դիվանագետը: Պետական սահմանի անցկացումից և ամպագոռգոռ շնորհավորանքներից հետո, ընտանիքը վերադառնում է ընդհատված ընթրիքին: Հանկարծակի վերադարձած դիվանագետներից մեկը հայտարարում է, որ այսուհետ ընտանիքին պատկանող ուտելիքը պետք է մաքսային զննում անցնի:
Եվ, քանի որ հայտնի չէր, թե մինչև հսկիչի հայտնվելը քանի գդալ սուպ էին կերել ընտանիքի անդամները, ուտելիքի մնացորդը առգրավվում է՝ մինչև հարցը դատարանում պարզելը: Այնուհետև արգելում են կնոջը ջրել ծաղիկները՝ կասկած հայտնելով, թե ընտանիքը արգելված իրեր է փոխադրում ջրի մեջ թաքցրած: Կյանքը ընտանիքի համար վերածվում է դժոխքի՝ տունը մասնատված է, գործում է մաքսային կետ, ուտելիքը հաշվում են, ամեն մի քայլը վերահսկվում է: Խոհանոցն, ըստ սահմանագծման, օտար տարածքում է և համարվում է դիվանագիտական օբյեկտ, գրեթե նույն կարգավիճակն ունի տնտեսական գլխավոր կենտրոն համարվող մառանը: Ընտանիքին համոզում են, որ նրանք պատմական իրադարձությունների կիզակետում են և իրենք էլ պատմական նշանակության օրեր են ապրում:
«Ես-ուտում ենք: Չնայած ամեն ինչին՝ պետք է սնվել:
Դիվանագետ-դա որերրո՞րդ կարկանդակն է, մենք պետք է հերթական համարը նշենք:
Ես-չեմ հիշում...
Դիվանագետ-ա՜խ , դուք չե՜ք հիշում...մի մոռացեք, որ կարկանդակները մաքսազերծվում են: Եվ այսպես, քանի կարկանդակ եք կերել՞
Ես-11 հատ:
Դիվանագետ-իսկ իմ թղթերում գրված է՝ 12, այսինքն սա 13-րդն է:
Աներհայրը սեղանի տակ սեղմում է Ես-ի ոտքը:
Աներհայր-միանգամից երկուսը վերցրու:
Ես-չհասկացա...
Աներհայր-ասում եմ, երկու հատով վերցրու, ես միշտ այդպես եմ անում։
Ես-այդ ինչ ես անում, դա հակաօրինական է:
Աներհայր-հիմար մի լինի, այլապես երբեք չես կշտանա:
Ես-...ախր վնաս է՝ միանգամից երկու կարկանդակ:
Աներհայր-ոչինչ չես կարող անել, միայն թե պետք է մի լավ ծամել:
Ես-իսկ եթե տեսնե՞ն...
Աներհայր-չեն տեսնի, պետք է խելացի վարվել, ես արդեն սովորել եմ դրան»:
Ողբերգությունն առավել շոշափելի է դառնում, երբ առանց անցաթղթի զուգարանից օգտվելու փորձ անող զոքանչին գնդակահարում են: Դիվանագետները հայտարարում են, որ «Ես»-ի զոքանչն ապօրինի է խախտել սահմանը, և նրան սպանել է պատմությունը...պատահաբար: Օղակը գնալով ավելի է սեղմվում ընտանիքի շուրջ: Չդիմանալով տեղի ունեցող անարդարություններին՝ մահանում է աներհայրը: Ամուսինները մնում են մասնատված տան և հարազատների կորստի ցավի հետ մենակ: Ի՞նչ անել:
Սլավոմիր Մրոժեկի պիեսը տարբեր ռեժիսորներ տարբեր կերպ են մեկնաբանել ու բեմադրել: Գյումրեցի երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանի բեմադրությամբ պիեսը ոչ միայն վերածվել է դինամիկ, մեկ շնչով նայվող ներկայացման, այլև ձեռք է բերել մի վերջաբան, որ աճեմյանցիները կոչել են՝ ողջամտության ձայն: Արտուշը խոստովանում է, որ վերջաբանի ընտրության հարցում բավական երկար է տատանվել և ի վերջո ընտրել է այն տարբերակը, որն այսօր պետք է հայ հանդիսատեսին:
Մասնատված տնից մնացած մի փոքրիկ բեկորի վրա կուչ եկած ամուսինները դանդաղ հանգում են՝ թևաթափ անելանելիության գիտակցումից, սակայն դա երկար չի տևում: Ինչ որ մի ներքին ուժ նրանց մղում է գործողության: Ամուսինները որոշում են մնալ ու պայքարել՝ միավորելով մասնատված տունը: Եվ ինչն է հետաքրքիր, որ նրանք դա անում են պոկելով սեփական տան փայտե շինվածքը՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա:
Գյումրու դրամատիկական թատրոնի փոքր բեմում «Տունը սահմանին» մեկ գործողությամբ քաղաքական սատիրայի առաջնախաղը տեղի է ունեցել երկու ամիս առաջ: Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի շնորհալի արտիստներ՝ Արսեն Սաղաթելյանը (Ես), Վարագ Գևորգյանը (աներհայր), Նառա Սանթոյանը (զոքանչ), Գայանե Մանուկյանը (կին), դիվանագետներ՝ Հասմիկ Սուվարյանը, Արկադի Ղարագուլյանը, Վալենտին Պետրոսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել