HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռեւս ունենք»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սարդարապատի հուշահամալիրից Հանրապետության տոնի առիթով։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով: 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդն իր պատմության մեջ առաջին անգամ կառավարման հանրապետական կարգով պետություն ստեղծեց: Առաջին անգամ մեր իրականության մեջ ստեղծվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Այս դարակազմիկ իրադարձությունը տեղի ունեցավ կայսրությունների փլուզման, նոր կայսրության եւ աշխարհակարգի ձեւավորման պայմաններում, երբ մեր ժողովուրդը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում կարողացավ ապացուցել ապրելու իր իրավունքը:

Բայց Առաջին Հանրապետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ, նաեւ այն պատճառով, որ հաղթելով գոյամարտում, հռչակելով պետություն՝ մենք անկախ պետությունում ապրելու մեր տեսլականը չհասցրեցինք ձեւակերպել, առաջին հանրապետությունում ապրելը չհասցրեցինք ինքներս մեզ համար դարձնել հարմարավետ եւ շահավետ:

Առաջին Հանրապետությունը չհասցրեց ինքն իրեն դիրքավորել որպես սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության ու երջանկության միջոց, որովհետեւ, ըստ էության, խաղաղության եւ ոչ մի օր չունեցավ իր գոյության ողջ ընթացքում: Սովը, ցեղասպանությունից մազապուրծ գաղթականությունը, ներքին խժդժությունները, տնտեսության, պետական ինստիտուտների, պետականության մշակույթի բազմադարյա բացակայությունը, արտաքին ազդեցությունը, պատերազմը՝ Առաջին Հանրապետության անկման պատճառ դարձան:

Սրանով, սակայն, Առաջին Հանրապետության դերն ամենեւին չի նսեմանում: Ավելի քան 540 տարվա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը պետություն ունեցավ, եւ առաջին անգամ ունեցավ Հանրապետություն եւ այդ Հանրապետության դասերն այսօր ահա մեր սեղանին են:
Այդ բազմաթիվ դասերից այսօր ուզում եմ ընդգծել միայն մեկը. Հայաստանի Հանրապետությունում ապրելը քաղաքացու համար պիտի լինի հարմարավետ եւ շահավետ, բարեկեցությունն ու երջանկությունն այսօ՛ր պիտի լինեն եւ ոչ թե հեռավոր մի ապագայում եւ պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է եւ ոչ թե հետո:

Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռեւս ունենք: Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո եւ կառուցում ենք մի հայրենիք-պետություն, որն այստեղ է եւ հիմա է, եւ մենք այլեւս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, որովհետեւ մեր հայրենիքը մեր պետությունն է:

Այդ պետությունը եւ՛ նպատակ է, եւ միջոց: Նպատակ է, որովհետեւ հենց պետությունը կարող է լավագույնս արտահայտել իր հիմնադրի՝ ժողովրդի շահը, միջոց է, որովհետեւ հենց պետությունը կարող է լավագույնս արտահայտել իր հիմնադրի՝ ժողովրդի շահը: Իսկ այդ շահը պարտադրում է ունենալ անվտանգություն, բարեկեցություն եւ երջանկություն՝ մեր բազմաչարչար ժողովրդի համար, իսկ դա հնարավոր է՝ հարեւանների հետ կարգավորված հարաբերությունների պայմաններում, միայն ու միայն խաղաղության պայմաններում, մի բան, որ չունեցավ Առաջին Հանրապետությունը, մի բան, որ ցավոք դեռեւս չունի Երրորդ Հանրապետությունը:

Հենց այս է պատճառը, որ մենք որդեգրել եւ հետեւողական իրագործում ենք խաղաղության օրակարգը, որովհետեւ մեր բոլոր նահատակներն ընկել են հանուն սեփական ժողովրդի երջանկության եւ ոչ տառապանքի, ու բարեկեցիկ, զարգացած, ապրող ու անվտանգ Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությու՛նը, որ պիտի հավերժ խաղաղություն բերի մեր բոլոր նահատակների հոգիներին:

Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին:

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Մեկնաբանություններ (2)

Robert Ajemian
how about a go fund me to turn one of his 200 bodyguards into a national hero with the first annnaul "Nemesis" award and prize
Monte Lives
Unbelievable. Your track record speaks for itself. Where is the accounting of the war that you ran so horribly resulting in the deaths of thousands? Or was that your dream of losing for peace because that's what your western handlers told you? I don't believe your smart enough to even know the difference. In reality YOU NEED TO BE REMOVED IMMEDIATELY. That would be the best thing for Armenia and all Armenians. Spying on your fellow Armenians? Of course. Traitor.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter