HY RU EN

Քրեական գործ. Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը ծեծել է հոսպիտալի բժիշկներին. ՊՆ մայորի վիճակը ծանր է (լրացված)

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ցուցումով վերջինիս թիկնապահները երեկ՝ ժամը 23:00-ի սահմաններում, Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի են ենթարկել ՊՆ մայոր Վահե Ավետյանին: Նա Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետն է, գիշերը տեղափոխվել է հիվանդանոց, ենթարկվել գանգուղեղի վիրահատության, եւ հիմա մայոր Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

Մամուլում հրապարակված այս տեղեկության առնչությամբ ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» քիչ առաջ հայտնեցին, որ Քրեական օրենսգրքի՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, եւ ընթանում է նախաքննություն: Այս պահին ձերբակալվածներ չկան:

«Հետքը» փորձեց տեղեկություն ստանալ նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական բաժնի պետ Տիգրան Իսրայելյանից: Սակայն նա հորդորեց դիմել Ռուբեն Հայրապետյանի խորհրդական Արայիկ Մանուկյանին: Վերջինս էլ իր հերթին հորդորեց դիմել «Հարսնաքար» ռեստորանային համալիր, «որովհետեւ, եթե դեպքը եղել է, այնտեղ է եղել»: «Հարսնաքարի» մենեջեր Սամվել Հովհաննիսյանն ասում է, որ երեկ իր հանգստի օրն էր, ինքը ռեստորանում չի եղել, հետեւաբար ոչինչ ասել չի կարող: Իսկ «Հարսնաքարի» տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են նաեւ, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրից Վահե Ավետյանի հետ վնասվածքներով Կենտրոնական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի կայազորի հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը:

Ըստ երեւույթին՝ պատգամավոր Հայրապետյանի թիկնապահները ծեծել են նաեւ Բայադյանին: Բայց, բարեբախտաբար, վերջինիս առողջական վիճակը բավարար է: