HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ»․ Փաշինյան

Ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում շարունակում է մնալ բավական լարված։ Դա կապված է ոչ միայն հայ-ադրբեջանական բարդ հարաբերությունների հետ, այլև գլոբալ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ խորհրդարանում մեկնարկել են 2022թ․ պետական բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումները։

«Գիտեք, որ մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ և խաղաղության ռազմավարություն, և անում ենք հնարավորը այդ օրակարգը կյանքի կոչելու համար»,- ասաց նա։

Վարչապետը հիշեցրեց՝ նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան բանակցությունների հերթական փուլը։

Քննարկման թեմաներից մեկն, ըստ Փաշինյանի, վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։

«Չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են։ Սա շատ ցավալի իրավիճակ է»,- ասաց նա՝ նշելով, որ իրադրության կարգավորման ուղղությամբ քննարկումները շարունակվելու են։

«Մոսկովյան քննարկումների թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն էր։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը երկրների սուվերենության և իրավազորության ներքո։ Հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով բրյուսելյան բանակցություններին՝ նա հիշեցրեց, որ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը․

«Անկեղծ ասած այս առումով առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Կարծում եմ՝ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարազաբանեն՝ արդյոք դա նշանակու՞մ է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Եթե նշանակում է հրաժարում, այսինքն՝ տեքստ, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց չեմ ուզում մեկնաբանություններ անել»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել էր Լաչինի (Քաշաթաղի) շրջան, որտեղ սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ մասնավորապես նշելով, որ երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմաններով, Ադրբեջանից Նախիջևան ճանապարհը պետք է բացվի, իսկ զինված միավորումները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը։ Այս հայտարարությունից հետո Ալիևն ավելացրել էր․ «Թող իմանան, որ հայկական գյուղերն այստեղից տեսանելի են»։

«Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լինի ստորագրել Քիշնևում»

Վարչապետը նաև նշեց, որ առաջիկայում Քիշնևում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում՝ իր, Ադրբեջանի նախագահի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

«Քննարկում կար՝ արդյոք հանրավո՞ր է, որ հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ասեմ, որ դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները՝ Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցված մեր առաջարկությունների վերաբերյալ։ Եթե ճիշտ եմ հիշում, դա խաղաղության պայմանագրի 4-րդ խմբագրումն էր, և այս պահի դրությամբ դրանց մեկնաբանությունները չենք ստացել։ Այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter