HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Չինաստանի դեսպանը խաբեց հրազդանցիներին

Այսօր Հայաստանում Չինաստանի դեսպանատան առջև կայանալիք ակցիան տեղի չի ունենալու: «Մեկ շաբաթ անընդմեջ պտտվող լուրերն ու հայտարարությունները' կապված ակցիայի հետ, հանգեցրեց համարժեք արձագանքի կառավարության և Չինաստանի դեսպանատան կողմից:

Հրազդանում մարտի 31–ին երկաթահանքի շահագործման դեմ կայացած բողոքի ակցիայից հետո ձևավորված «Նախաձեռնող խումբը», երկխոսության առաջարկ ստանալով Չինաստանի դեսպանի կողմից, այսօր հանդիպեց դեսպանին»,- նշված է նախաձեռնող խմբի մայիսի 25-ին տարածած հայտարարության մեջ:

Չինաստանի դեսպան Թիան Չանգ Չունը ընդունել է Հրազդանի ՀԿ-ների ներկայացուցիչներին, նրանց լսելուց հետո ասել, որ Fortune Oil ընկերությունը ՉԺՀ–ի հետ որևէ առնչություն չունի. այն հոնգկոնգյան ընկերություն է: Նա ասել է, որ ապրիլին նշված ընկերության ներկայացուցիչների Հրազդան կատարած այցի մասին ինքը տեղյակ չի էլ եղել: Իսկ հանդիպման մասնակիցներին խոստացել, որ կգտնի ընկերության կոնտակտները և ՀԿ-ների նամակը կփոխանցի նրանց:

ՀԿ-ների ներկայացուցիչները, հավատալով դեսպանի խոսքերին, նախապես հայտարարված ակցիան չեղյալ են հայատարարել:
Չինական ներդումների մասին արդեն մի քանի ամիս է խոսում են Հայաստանի տարբեր պաշտոնյաներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի և Fortune Oil ընկերության պատվիրակությանը հանդիպմանը մասնակցում էր նաեւ նույնը ինքը' Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանգ Չունը:

Հիմա ներկայացնենք կառավարության կայքէջում տեղադրված հաղորդագրության մի հատված.

«Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանգ Չունը»: 

Եւ Թիան Չանգ Չունը, ընդունելով հրազդանցիներին, խաբել է նրանց: Այս ամիսների ընթացքում դեսպանը երբեւէ չի ասել, որ այդ ընկերությունը չինական չէ եւ Չինաստանի հետ կապ չունի: Ընկերությունն արդեն հայտարարություններ է տարածել եւ աշխատանքի է հրավիրում տարբեր մասնագետների:

Հայտարարությունների ներքեւում նշված է հեռախոսահամարը եւ էլեկտրոնային հասցեն: Եթե դեսպանը չկարողանա գտնել իր հայրենակիցների գրասենյակը, կարող է դիմել «Հետքի» խմբագրություն:

Դեսպանին խորհուրդ ենք տալիս զանգահարել կամ նամակ գրել' հիշեցնելով, որ նրանք «չինական» չեն: Դեսպանը ճիշտ կլինի նաեւ նոտա հղի ՀՀ իշխանություններին եւ զգուշացնի, որ հայ պաշտոնյաները «չշահարկեն» իր երկրի անունը:

Մեկնաբանություններ (4)

Anahit
Ժողովուրդ, բերեք թողնենք մեղադրական տոնը: Շատ կարևոր է, որ էս հարցի շուրջ միասնական լինենք: Մեր ու բոլորիս նպատակն է նաև` չինացիները տեսնեն, որ կանգնած ենք մեջք մեջքի տված: Եվ դրա արդյունքն է, որ անհանգստացան ու կանչեցին երկխոսության: Միգուցե այլ պարագայում դա մեզ չհաջողվեր, իսկ ակցիաներ էլի կարող ենք անել: Եվ ես համոզված եմ, որ բոլորս նորից կաջակցենք միմյանց: Եթե հաղթենք, միասին կհաղթենք:
հրազդանցի
Anahit-«Խաղաղ ակցիա էին ակնկալում, ընտրեցին քաղաքակիրթ համագործակցման ուղին»: Անահիտ քո գրացից կարելի է ենթադրել, որ խաղաղ ակցիան ոչ քաղաքակիրթ ձեւ է: Դե շունակեք նամակներ տանել, բարի նամակաերթ:
Ընթերցող
եթե նամակ էիք ուզում հանձնել, հանձնեիք, էլ ինչու էիք հայտարարություններ տարածում, մարդկանց հրավիրում, որ տեսնեն ո?նց եք նամակ հանձնում:
Anahit
Եթե տեղյակ եք, ակցիայի նպատակը նամակը հանձնելն էր դեսպանին: Կարևորն այն չէ դեսպանը խաբել է, խումբը հավատացել է, թե չի հավատացել: Իրականում իրենք իրենց կարծիքն ունեն և իրենց խաբված չեն համարում: Խաղաղ ակցիա էին ակնկալում, ընտրեցին քաղաքակիրթ համագործակցման ուղին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter