
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած՝ ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցները։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։
«Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։
Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել Ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։ Այդպիսով, Ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր):
Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, ԳՊՄ ԳՈԼԴ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել