HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանացիները ոչ-ոքիի համար չեն խաղալու

Այսօր «Եվրո-2012»-ի երրորդ տուրում դաշտ դուրս կգան C խմբի թիմերը. կմրցեն Հորվաթիա-Իսպանիա եւ Իտալիա-Իռլանդիա զույգերը: Առաջին երկու թիմերը խմբի առաջատարներն են. նրանք 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իտալացիներն ունեն 2 միավոր, իսկ առանց միավորի մնացած իռլանդացիներն արդեն հրաժեշտ են տվել մրցաշարին: 

Հորվաթիա-Իսպանիա խաղը կկայանա «Արենա Գդանսկ» մարզադաշտում: Հաղթանակը թիմերից յուրաքանչյուրին առաջին տեղ կապահովի: Չնայած ոչ-ոքին էլ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնների համար կապահովի 1/4 եզրափակչի ուղեգիր, այլ հարց է, թե որ տեղով: Թիմերն առաջին անգամ են պաշտոնական հանդիպում անցկացնելու: Իսկ նախորդ 4 ընկերական խաղերում երկու անգամ հաղթել են իսպանացիները, մեկ անգամ՝ հորվաթները, մեկ անգամ էլ խաղն ավարտվել է ոչ-ոքի: 

Պոզնանի «Քաղաքային» մարզադաշտում, ինչպես եւ Գնդանսկում, խաղը կսկսվի 22:45-ին: Իռլադացիների համար այս խաղը զուտ պատվի հանդիպում է, իսկ իտալացիներին հաղթանակ է պետք խմբից դուրս գալու համար, սակայն Պրանդելիի սաները պետք է հուսան նաեւ, որ Հորվաթիա-Իսպանիա խաղը չի ավարտվի 2-2 կամ ավելի արդունավետ հաշվով ոչ-ոքիով: Բանն այն է, որ այդ դեպքում 3 թիմերը կունենան 5-ական միավոր, եւ հաշվի կառնվեն միմյանց միջեւ խաղերի արդյունքներն ու գնդակների քանակը: 

Հաշվի առնելով, որ իտալացիները հանդիպելու են խմբի հետնապահի հետ՝ իսպանացիներն ու հորվաթներն իրար չնեղացնելու համար կարող են հենց խոշոր հաշվով ոչ-ոքի գրանցել, սակայն չեմպիոնների գլխավոր մարզիչ դել Բոսկեն դեռ նախորդ խաղից հետո էր ասել, որ իրենք ցանկանում են հաղթել մնացած բոլոր խաղերում:

Գրավառուները, բնականաբար, բարձր են գնահատում իսպանացիների ու իտալացիների հնարավորությունները: «Տոտո»-ն Հորվաթիայի հաղթանակին տվել է 9,8 գործակից, ոչ-ոքիին՝ 3,55, Իսպանիային՝ 1,5: «Վիվառո»-ի թվերը նույնն են՝ բացի Հորվաթիայի գործակցից՝ 9: Մյուս խաղում Իտալիայի հաղթանակը «Տոտո»-ի կողմից գնահատվել է 1,33, ոչ-ոքին՝ 5,1, Իռլանդիայինը՝ 9,9: «Վիվառո»-ի գործակիցները մի փոքր տարբերվում են. 1,3-5,5-10:  

Լուս.՝ Վիսենտե դել Բոսկե (Getty Images)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter