HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ունենք 1565 ուսուցիչ, որոնք կամավոր ատեստավորմամբ բարձրացված դրույքաչափով վարձատրվում են»․ ԿԳՄՍ նախարար

Կառավարության ծրագրով՝ Տավուշի մարզի բոլոր դպրոցներում բնագիտական լաբորատորիաների ներդրման գործընթացն ավարտվել է։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նախարարի՝ այս տարի լաբորատորիաների ներդման գործընթացը կիրականացվի Արմավիրում և բյուջետային գործընթացով պլանավորված մյուս մարզերում։

«Սա էական ազդեցություն է ունենում կրթության որակի վրա, և մենք այս արդյունքներն արդեն իսկ տեսնում ենք չափորոշիչների փորձնական ներդրման գործընթացի արտաքին գնահատման արդյունքներով, որը շուտով կհրապարակվի։ Մենք կտեսնենք, որ այն ջանքերը, որ այս օրերին ներդնում ենք կրթության բովանդակության վերափոխման և դպրոցներում կրթության որակի բարելավման շուրջ, իրոք տալիս են արդյունքներ։ Եվ այդ արդյունքները համադրելի են նաև այն բարեփոխումների գործընթացների տեսանկյունից, որոնք իրականացվում են տարբեր երկրներում»,- նշեց նա։

Անդրադառնալով ուսուցիչների վարձատրմանն ու կամավոր ատեստավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ատեստավորված ուսուցիչներն աշխատավարձերը միջինում կրկնապատկվել են․

«Ունենք 1565 ուսուցիչ կամ շահառու ուսուցիչների 5.5 %-ը, որոնք կամավոր ատեստավորման արդյունքում արդեն իսկ բարձրացված դրույքաչափով և հավելավճարով վարձատրվում են, միջինում աշխատավարձերը կրկնապատկվել են։ Այսինքն՝ եթե մինչև այդ ուսուցիչների միջին դրույքաչափը 125 հազար էր, ապա այս պահին 250 300 դրամ է կազմում՝ կամավոր ատեստավորման հաջող արդյունքով։ Մասնակից ուսուցիչների 28 %-ը 300 000 դրամ և ավելի վարձատրության է գնացել»։

Նախարարի խոսքով՝ ատեստավորման գործընթացն այժմ էլ շարունակվում է, նախարարությունը ստացել է 3600 դիմում։ Ատեստավորման համար կարող են դիմել նաև չաշխատող անձինք, որոնք բավարարում են ուսուցչի որակավորմանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter