HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը ողջունել է Հունգարիայի փոխվարչապետի այցը մեր երկիր և գոհունակություն հայտնել երկար դադարից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել: Վարչապետը նկատել է, որ ՀՀ-ում Հունգարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին, այժմ տեղի է ունենում Շեյմենի այցը, իսկ առաջիկայում սպասվում է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս ամենը վկայում է երկկողմ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին: Հայ-հունգարական կապերի ամրապնդումը վարչապետը կարևորել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության համատեքստում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ժոլտ Շեյմենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ողջույնները: Պարոն Շեյմենը ևս կարևորել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու ընդգծել Հունգարիայի կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը Հայաստանի հետ: Այդ առումով, նա շեշտել է Հունգարիայի համայնքի կարևոր դերը:

Կողմերն ընդգծել են տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով, կարևորվել են Երևանի և Բուդապեշտի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնմանն ուղղված քայլերը: Ժոլտ Շեյմենն իր հերթին տեղեկացրել է, որ Հունգարիայի կառավարությունը հայ ուսանողների համար նախաձեռնել է կրթաթոշակի ծրագիր:

Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային նշանակության տարբեր հարցերի:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ դրա հետևանքով տեղի հայությունն ապրում է հումանիտար ճգնաժամ:

Վարչապետն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter