
Թուրքական հետախուզության ղեկավարը կարող է դառնալ երկրի փոխնախագահ
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը կարող է զբաղեցնել այդ երկրի փոխնախագահի պաշտոնը։ Այդ մասին երեքշաբթի երեկոյան՝ մայիսի 30-ին, գրել է Hürriyet-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ հունիսի 3-ին նախագահի պաշտոնի վերստանձման երդմնակալությունից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհայտարարի կառավարության նոր կազմի մասին։ Թուրքական կառավարությունը գրեթե ամբողջությամբ կփոխվի, իրենց պաշտոնները կարող են պահպանել արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Ֆիդանը, որը գլխավորում է թուրքական հետախուզությունը, կարող է ստանալ նախարարական պորտֆել և զբաղեցնել փոխնախագահի պաշտոնը, որը համակարգում է անվտանգության հարցերը։ Ինչպես նշում է Hürriyet-ը, այդ հարցը արդեն երկար ժամանակ է՝ քննարկվում է Անկարայում։
Ինչպես նշում է թերթը, կառավարության կազմում կարող է հայտնվել նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Թե ինչ պաշտոն կարող է զբաղեցնել նա, չի նշվում։ Ավելի վաղ, տեղական լրատվամիջոցները գրել էին, որ Քալընը կարող է գլխավորել ԱԳՆ-ն։
Hürriyet-ը նաև հայտնում է, որ թուրքական նոր կառավարությունում կհայտնվի նաև նախկին փոխվարչապետ և Թուրքիայի ֆինանսների ներկայիս նախարար Մեհմեթ Շիմշեքը։ Նրա հետ նախօրեին հանդիպել է Էրդողանը, սակայն հանդիպման արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն չի արվել։
Թուրքիայի ներկայիս կառավարության գրեթե բոլոր նախարարները, որոնց հետ Էրդողանը մայիսի 31-ին կանցկացնի կառավարության վերջին նիստը, ընտրությունների արդյունքում պատգամավոր են ընտրվել։
Լուսանկարը՝ sozcu.com.tr-ից
Մեկնաբանել