HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են «Կենգուրու» մրցույթի արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ներկայացվել են  «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքները: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը, ողջունելով մրցույթի հաղթողներին, նշել է, որ  մրցույթին այս տարի մասնակցել է մոտ 1000 դպրոց:

«Ուզում եմ հատուկ շեշտել, որ օլիմպիական շարժումը նոր իմաստ և կարևորություն է ստանում մեր երկրում, և այդ համակարգում իր նշանակալի տեղն ու դերն ունի «Կենգուրուն»: Այս միջազգային մրցույթը, որը  չորրորդ անգամ է անցկացվում մեր երկրում, մաթեմատիկական միջազգային շարժում է, որը   նպատակ ունի  երեխաների շրջանում արթնացնել հետաքրքրություն մաթեմատիկա առարկայի նկատմամբ»,- նշել է Մանուկ Մկրտչյանը: 

Այս տարի Հայաստանի և Արցախի դպրոցներից «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել է շուրջ 36 հազար դպրոցական: Նրանցից 1201-ը դարձել են  մրցանակակիր, այդ թվում 456-ի արդյունքները դիտարկվել են «լավ»: Հայաստանում «Կենգուրու-2012»-ի հաղթողներն այս տարի հինգն են. Աննա Վարդանյանը` Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի, Սերյոժա Դանիելյանը՝ Շիրակի մարզի Գյումրու «Պրոգրես» համալսարանական հենակետային դպրոց-վարժարանի աշակերտ, Տիգրան Կարախանյանը՝ Լոռու մարզի Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի աշակերտ, Եվա Հունանյանը՝ Կոտայքի մարզի Պտղնիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի և Էռնա Պետրոսյանը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու Մ. Շահումյանցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի:

Հաղթողները` որպես մրցանակ, ստացել են արժեքավոր նվերներ։ Նրանցից մեկը՝ Էռնա Պետրոսյանը, ով երկրորդ անգամ է դառնում «Կենգուրուի» հաղթող, որպես գլխավոր մրցանակակիր  կմեկնի Ֆրանսիա՝ հանգստանալու միջազգային մանկական ճամբարում։

Հայաստանում «Կենգուրու» մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը նշել է, որ մրցույթի անցկացման չափանիշները խստացվել են: Մրցույթի անցկացման կանոններում թերությունների արձանագրելու հետևանքով 9 դպրոց 1 տարով զրկվել է «Կենգուրուին» մասնակցելու իրավունքից:

«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է ավելի քան 50 երկրում՝ մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ։ Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարաննների բոլոր աշակերտները՝ անկախ մաթեմատիկական ունակությունից կամ առաջադիմությունից. կարևորը երեխայի ցանկությունն է:

ՀՀ ԿԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter