
Microchip Technology Inc. միջազգային ընկերությունը դարձավ Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ ՓԲԸ-ի 100% բաժնետեր
Հայկական Ինստիգեյթ ՓԲԸ ընկերությունների խումբը պայմանագիր է ստորագրել միկրոէլեկտրոնիկա արտադրող հսկա, ամերիկյան Microchip Technology Inc. ընկերության հետ՝ վերջինիս կողմից «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերության ձեռքբերման և այդ հիմքով «Մայքրոչիպ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացման կապակցությամբ՝ ազդարարելով իր մուտքը հայաստանյան ՏՏ շուկա։ Այս մասին հաղորդում է Ինստիգեյթ ՓԲԸ-ն։
Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ երկու տարի առաջ։ Ստեղծվել էր «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունը, որն «Ինստիգեյթ» ընկերությունների խմբի անդամ է և հիմնական գործունեության շրջանակը Microchip ընկերության պատվերով EDA ոլորտի նախագծերի իրականացումն է։ Վերջինս հեռահար ծրագրեր ուներ` աճեցնելու մեծ թիմ, փոխանցելու ամբողջ փորձն ու գիտելիքը՝ օգտվելով «Ինստիգեյթում» գործող կրթական և գիտահետազոտական ինստիտուտներից, որպեսզի սկսի աշխատանքները՝ արտապատվիրման տեսքով, իսկ հետագայում, Հայաստանում բացի իր մասնաճյուղը։
«Համագործակցության շրջանակը պետք է լիներ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման EDA ոլորտը՝ գլխավորապես FPGA-ների նախագծումն ու մշակումը։ Մարտահրավերն ընդունվեց․ 2020 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնապես ձևակերպվեց և հիմնվեց «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» (Instigate Semiconductor) ընկերությունը՝ ժառանգելով ինստիգեյթական արժեհամակարգը, մշակույթը և գործելաոճը»,- նշում է «Մայքրոչիպի» Հայաստանյան գրասենյակի ինժեներական թիմի ղեկավար Անի Սաֆարյանը։
Ընկերությունն իր սեփական մասնաճյուղերը բացեց մարզերում՝ Վանաձորում, Գյումրիում և Իջևանում և այս ընթացքում աշխատակազմը 8-ից դարձրեց 47, որոնցից 5-ը աշխատանքային պայմանագրեր ունեցող Իրական դպրոցի աշակերտներ են, իսկ ղեկավար անձնակազմի 80%-ը` Ինստիգեյթի կրթական ծրագրերով նախապատրաստված աշխատակցիներ։
Իսկ այժմ՝ կնքված պայմանագրով, բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերվեց «Մայքրոչիպ» ընկերության կողմից։
«Ինստիգեյթը, իր ռիսկով, իր կապերով, իր միջոցներով ստեղծել է դուստր ընկերություն, թիմ է հավաքել, կարգավորել ենթակառուցվածքները, կազմակերպել թիմային աշխատանքը, ապա նախապես սահմանված ժամկետից հետո տրանսֆեր իրականացրել և փոխանցել բաժնետոմսերը ներդրողին», - նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կորիուն Դավթյանը։
Առջևում ընդլայնման հեռանկարն է։ Մոտակա տարիներին Microchip-ը պլանավորում է ընդլայնվել Application Engineering, Customer Support, Embedded Systems Programming, IP Verification ուղղություններով։
Նշենք, որ Microchip Technology-ն միկրոէլետրոնիկա արտադրող խոշոր ընկերություն է, որի շուկայական կապիտալիզացիան կազմում է 45 մլրդ դոլար։ Տարեսկզբին ընկերությունը հայտարարել էր ռեկորդային ֆինանսական արդյունքների մասին։
Մեկնաբանել