
Արհեստական բանականության նկատմամբ հետաքրքրության ֆոնին Nvidia-ի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրլն դոլարը
Nvidia ընկերությունը դարձել է միկրոչիպերի առաջին արտադրողը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։ BBC-ն, հղում անելով Financial Times-ին, գրում է, որ այդ իրադարձությունը արտացոլում է տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ Ուոլ սթրիթից ներդրողների խանդավառությունը, որոնք կարող են եկամուտ ապահովել արհեստական բանականության ոլորտում վերջին մշակումների ֆոնին։
30 տարի առաջ Սիլիկոնյան հովտում հիմնադրված Nvidia-ն համալրել է ամերիկյան ընկերությունների էլիտար ակումբը, որոնց թվում են, օրինակ, Apple-ը և Microsoft-ը, որի շուկայական կապիտալիզացիան ավելի քան 1 տրիլիոն դոլար է։
Մայիսի 30-ին Նյու Յորքի ֆոնդային բորսայում ընկերության բաժնետոմսերի արժեքը գերազանցել էր 412 միլիոն դոլարը՝ նախորդ շաբաթվա համեմատ ավելանալով ավելի քան 30 %-ով։
Դեռ մայիսի 29-ին Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը, Թայբեյում Computex ցուցահանդեսի ժամանակ, ներկայացրել էր ընկերության նոր արտադրանքը, որը կապված է արհեստական բանականության հետ ու հայտարարել, որ «աշխարհը հասել է բացահայտումների նոր դարաշրջանի շրջադարձային կետին»։
Ինչպես գրում է BBC-ն, Nvidia-ն ի սկզբանե հայտնի է եղել որպես գրաֆիկայի մշակման համար համակարգչային չիպեր արտադրող, առաջին հերթին՝ համակարգչային խաղերի համար, ինչով շարունակում է զբաղվել մինչ օրս։ Սակայն Հուանգը խաղադրույք է կատարել արհեստական բանականության վրա՝ Nvidia-ի չիպերի համար ներդնելով լրացուցիչ գործառույթներ դեռ մինչ այն պահը, երբ այդ տեխնոլոգիան դարձավ բավականին հայտնի։
Հիմա Nvidia-ի չիպերը, ինչպես, օրինակ H100-ը, օգտագործվում են AI հավելվածներում։ ChatGPT չաթ բոտը, որի թողարկումն արհեստական բանականության տեխնոլոգիաների նկատմամբ զանգվածային հետաքրքրություն է առաջացրել, ստեղծվել է Nvidia-ի 10 000 գրաֆիկական պրոցեսորների օգնությամբ, որոնք տեղադրվել էին Microsoft գերհամակարգչում։
Վերջին 12 ամիսների ընթացքում Nvidia-ի բաժնետոմսերի արժեքն աճել է ավելի քան 2 անգամ, քանի որ ներդրողները ներդրում են անում ընկերության բարձր շահութաբերության վրա։ Նախորդ շաբաթ ընկերությունը ներդրողներին հայտնել է, որ առաջիկա երեք ամիսներին կանխատեսում է 11 միլիարդ դոլարի շահույթ՝ երկու անգամ ավելի, քան ակնկալում էին վերլուծաբանները։
«Մենք Nvidia-ն համարում ենք AI հեղափոխության սիրտն ու թոքերը»,- նախորդ շաբաթ գրել էր Wedbush Securities-ի վերլուծաբան Դեն Այվզը։
FT-ն նշում է, որ, այդուհանդերձ, ընկերության բարձր շահութաբերության հետ կապված հույսերի արդարացումը կարող է հեշտ չլինել: Համավարակի ժամանակ Nvidia-ն բում ապրեց, սակայն նախորդ տարի եկամուտների աճը չփոփոխվեց, իսկ շահույթը կրկնակի կրճատվեց։ Բացի այդ, մեծանում է նաև AMD-ի և Intel-ի հետ մրցակցությունը, որոնք ակտիվորեն մշակում են իրենց լուծումները, ինչպես նաև AI տեխնոլոգիաների նկատմամբ պահանջարկը, որն անհրաժեշտ է պահպանել առաջիկա տարիներին։
Լուսանկարը՝ Courtesy NVIDIA/Handout via REUTERS
Մեկնաբանել