HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են անչափահասին ծեծելու դեպքի կապակցությամբ

Հունիսի 1-ին armlur.am կայքը տեսանյութ տարածեց, որտեղ երևում էր, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծում է մի տղայի:

Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվություն էր ստացվել, որ 2023 թ. ապրիլի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկում ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակցին:

«Վերոգրյալի կապակցությամբ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը պաշտոնում մնալով՝ կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն: Ծառայողական քննությունը շարունակվում է»,- նշված է ոստիկանության հայտարարության մեջ:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Ֆակտոր TV»-ին պարզաբանել է, որ նախաքննության ընթացքում քրեականի պետը վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել։

«Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա․Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք, 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է»,- հայտնեց ՔԿ մամուլի խոսնակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter