
Ռուսաստանը Apple-ին մեղադրում է ամերիկյան հետախուզության հետ համագործակցության մեջ
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ամերիկյան Apple ընկերությանը մեղադրել է վիրուսային ծրագրի միջոցով ամերիկյան հետախուզության գործողություններին մասնակցելու մեջ։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
Ինչպես փոխանցում է ռուսական այդ գերատեսչության մամուլի ծառայությունը, Անվտանգության դաշնային ծառայությունը, Ռուսաստանի պահպանության դաշնային ծառայության հետ համատեղ, բացահայտել են «անոմալիաներ, որոնք բնորոշ են միայն Apple բջջային հեռախոսների օգտատերերին» և ծրագրային վիրուս, որն օգտագործում է «արտադրողի կողմից նախատեսված ծրագրային խոցելիությունները»։ ԱԴԾ-ի տվյալներով՝ վարակվել է մի քանի հազար բջջային հեռախոս, որոնց թվում արտասահմանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների հեռախոսները։
Ինչպես կարծում են ԱԴԾ-ում, դա «ապացուցում է այն հանգամանքը, որ Apple-ը սերտորեն համագործակցում է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության հետ, եւ որ ընկերության գաղտնիության քաղաքականությունը չի համապատասխանում իրականությանը»։
«Ընկերությունն ամերիկյան հատուկ ծառայություններին լայն հնարավորություններ է ընձեռում վերահսկելու ինչպես Սպիտակ տան համար հետաքրքրություն ներկայացնող ցանկացած անձի, այդ թվում՝ հակառուսական գործունեության գծով նրանց գործընկերների, այնպես էլ սեփական քաղաքացիների նկատմամբ»,- ասված է գերատեսչության մամլո հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Կրեմլը 2024 թվականի նախագահական ընտրությունների նախապատրաստմանը մասնակցող պաշտոնյաներից պահանջել էր դադարեցնել օգտվել Apple-ի սարքավորումներից, քանի որ այն խոցելի է «արևմտյան հատուկ ծառայությունների կողմից հաքերության ենթարկվելու տեսանկյունից»։
Լուսանկարը՝ REUTERS/Mike Segar
Մեկնաբանել