HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում դեֆոլտ չի լինի. հանրապետականները մինչև 2025 թվականը չեղարկել են պետական պարտքի վերին սահմանը

ԱՄՆ-ն խուսափեց դեֆոլտից և աշխարհի խոշորագույն տնտեսությունում ֆինանսական ճգնաժամից, որն անխուսափելիորեն կհանգեցներ համաշխարահային մասշտաբի խնդիրների: BBC-ի փոխանցմամբ՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունը կազմում է Հանրապետական կուսակցությունը, նախօրեին հաստատեց հանրապետականների հետ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի փոխհամաձայնությունը և թույլատրեց ավելացնել ԱՄՆ պետական պարտքը՝ արդեն իսկ գրանցված ռեկորդային 31,4 տրիլիոն դոլարից։ 

Հանրապետական կուսակցության որոշ կոնգրեսականներ դժգոհ էին Ջո Բայդենի հետ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի համաձայնությունից և դեմ քվեարկեցին։ Ընդունման համար անհրաժեշտ եղավ դեմոկրատական փոքրամասնության ձայները։

Արդյունքում կողմ քվեարկեց 314 կոնգրեսական, դեմ 117-ը, որից 71-ը հանրապետական և 46-ը՝ դեմոկրատ։ 

Առանց պարտքի վերին սահմանի շուրջ պայմանավորվածության, Կոնգրեսի կողմից նախկինում հաստատված ընթացիկ վճարումների գումարները կավարտվեին արդեն մեկ շաբաթ անց, և ԱՄՆ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ի վիճակի չէր լինի վճարել հաշիվները: Այն կխաթարեր նաև միջազգային ֆինանսական համակարգի հիմքերը և ցնցումներ կառաջացներ ողջ համաշխարհային տնտեսության մեջ, որը մեծապես տուժել է կորոնավիրուսի համավարակի և ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։

Կոնգրեսի կողմից սահմանված պետական պարտքի վերին սահմանի ամերիկյան իշխանությունները հասել էին դեռևս հունվարին, և այդ ժամանակից ի վեր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զրկվել էր ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար փոխառություններն ավելացնելու իրավունքից: Ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը զգուշացրել էր, որ այդ տեմպերով միջոցները կավարտվեն արդեն հունիսի 5-ին։

Մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո, անցած հանգստյան օրերին, Բայդենն ու Մաքքարթին ընդունեցին փոխզիջումային որոշում, ըստ որի առաջիկա 10 տարվա ընթացքում ամերիկյան բյուջեի դեֆիցիտը կկրճատվի 1,5 տրիլիոն դոլարով: Ընդ որում, ըստ այդ որոշման, պետական պարտքի վերին առաստաղը դադարեց գործել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

Լուսանկարը՝ Bill Clark/CQ Roll Call

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter