HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է կոռուպցիայի մեղադրանքով

Բրազիլիայի նախկին նախագահ Ֆերնանդու Կոլոր դի Մելուն կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 8 տարի 10 ամիս ազատազրկման։ Բրազիլիայի բարձրագույն դատարանը 73-ամյա նախկին նախագահին մեղավոր է ճանաչել կաշառակերության և փողերի լվացման մեջ։

Դատարանը ապացուցված է համարել, որ նախագահական պաշտոնից հեռանալուց հետո, 2010-2014 թվականներին, Կոլոր դի Մելուն, որն այդ ժամանակ Սենատի անդամ էր, պայմանագրերի կնքման դիմաց, խոշոր կաշառքներ է ստացել BR Distribuidora էներգետիկ ընկերությունից, որը բրազիլական Petrobras նավթային ընկերության դուստր կազմակերպությունն է։ 

Կոլոր դի Մելուն դեռևս կարող է բողոքարկել դատավճիռը՝ դրա ամբողջական հրապարակումից հետո։ Գործընթացը կապված է 2014 թվականին բռնկված «Lava Jato» կոռուպցիոն սկանդալի հետ, որտեղ ներքաշված են եղել հարյուրավոր քաղաքական գործիչներ, պետական ծառայողներ և գործարարներ։

Ֆերնանդու Կոլոր դի Մելուն 1989 թվականին դարձել էր Բրազիլիայի առաջին նախագահը, որն ընտրվել էր ուղիղ ընտրությունների միջոցով, երբ այդ երկրում տապալվել էր ռազմական բռնապետությունը։ Նա նախագահի պաշտոնն սկսել էր զբաղեցնել 1990 թվականին։ 1992 թվականի դեկտեմբերին, նախընտրական քարոզարշավի համար գումար շորթելու և կոռուպցիայի շուրջ սկանդալի ֆոնին, Կոլոր դի Մելուն հրաժարական տվեց։ 

1994 թվականին դատարանը արդարեցրեց նախկին նախագահին՝ ապացույցների բացակայության պատճառով։ Ավելի ուշ, Կոլոր դի Մելուն վերադարձավ քաղաքականություն և մինչև 2023 թվականի փետրվար ամիսը սենատոր էր Ալագոաս նահանգից։ 2015 թվականին դատարանը սկսեց նոր հետաքննություն նախկին նախագահի նկատմամբ։

Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով ևս ժամանակին դատապարտվել էր։ 580 օր ազատազրկումից հետո Բրազիլիայի բարձրագույն դատարանը չեղարկեց նրա դատավճիռը։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter