
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները
Մայիսի 16-ին «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։
Այս անգամ փորձաքննությանը ցանկություն էր հայտնել մասնակցելու նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Քանի որ նախորդ փորձաքննությունների ժամանակ ՍԱՏՄ-ից հայտնում էին, որ չեն վստահում «Հետքի նմուշառումներին», չնայած բազմիցս նշել ենք՝ կատարում ենք գնում, ոչ թե նմուշառում, նրանց առաջարկեցինք՝ իրենք մեզ ուղեկցեն գնելուց մինչ լաբորատորիա տանելու ողջ ընթացքում, սակայն ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ իրենք փորձաքննությունը կանեն ոչ թե «Հետք»-ի հետ, այլ զուգահեռ։
Այսպիսով, մենք միասին կատարեցինք միայն ապրանքների գնումը՝ նույն խմբաքանակից, ինչից հետո իրականացրինք դիմազերծում և տարանք «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա։ ՍԱՏՄ-ն գնված ապրանքները տարավ իր ենթակայության տակ գործող «ՀԱԲԼԾԿ» («Հանրապետականան անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն») լաբորատորիա։
Նշենք, որ ՍԱՏՄ տեսուչները գնեցին 6-ից 4 ապրանք, քանի որ այդ պահին ստուգումներ կարող էին իրականացնել կոնկրետ իրացման կետերից, որտեղ մյուս երկու ընկերության ապրանքները գնման պահին չկային։
Հավի միսը գնելու պահից մինչև լաբորատորիա տեղափոխելը եղել է սառնարանում։
Փորձաքննության ներկայացված հավերի պիտանելիության ժամկետը մինչև 5 օր է, հրապարակման պահին նշված հավերը ժամկետի մեջ չեն և չեն վաճառվում խանութներում։
Թռչնամիսը կարգավորվում է ՄՄ ՏԿ 051/2021 «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով։ Թարմ և պաղեցված հավի պիտանելիության ժամկետը մինչև 5 օր է։
Հավի մսի մակնշումը պետք է համապատասխանի Մաքսային միության «Պարենային ապրանքներ իրենց մակնշման մասով» ՄՄ ՏԿ 022/2011-ի, ինչպես նաև ՄՄ 051/2021 տեխնիկական կանոնակարգի 104-121-րդ կետերի պահանջներին։
Ինչպես նաև՝
- մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն թռչնի սպանդի և թռչնի մսամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին
- մակնշումը պետք է ներառի տեղեկություններ թռչնի տեսակի և խմբի մասին (օրինակ՝ «հնդկահավ», «հավ» և այլն), սորտ և կատեգորիա, ինչպես նաև՝ ջերմային վիճակ («սառեցված», «պաղեցված»)
- փաթեթավորումը պետք է դրոշմված լինի անասնաբուժական կնիքով, կամ դրա պատկերը պետք է լինի պիտակի վրա։
Նմուշ N 1
Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերության հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 15.05.2023։
Պիտանելիության ժամկետը 5 օր է։ Ապրանքն ունի EAC նշան (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity), ինչը վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է անհրաժեշտ ստուգումները, hամապատասխանում է իր համար սահմանված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին ու կարող է հայտնվել շուկայում։
«Առողջ սնունդ, առողջ ապագա» մակնշված է ապրանքի վրա։ ՍԱՏՄ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս նմուշում կան ախտածին սալմոնելաներ։
«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաքննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։
«Սալմոնելայի խմբի մանրէներ չեն առաջանում պահպանման սխալ պայմաններում և քիչ հավանական է, որ կլինեն վաճառասրահից վարակված։ Ավելի շատ դա արտադրության պրոցեսի ժամանակ առաջացած խախտում է»
«Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյան
Նմուշ N 2
Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Շիրառ» ՍՊԸ ընկերության «Աշտարակ» պաղեցված բրոյլեր 1-ին կարգի հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 16.05.2023։
Պիտանելիության ժամկետը -2C-ից +2C-ում 5 օր է։
Ապրանքն ունի EAC նշան։
Երկու լաբորատոր փորձաքննության արդյունքում այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Նմուշ N 3
Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Ագրոթեքինվեստ» ընկերության «Լուսակերտ» պաղեցված բրոյլեր հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 14.05.2023։ Այս ապրանքի վրա իրացման կետը (գնվել է «ՍԱՍ» սուպերմարկետից) կրկնապիտակով այլ ժամկետը էր նշել՝ 15.05.2023։
Պիտանելիության ժամկետը -2C-ից +2C-ում 5 օր է։
Ապրանքն ունի EAC նշան, նաև՝ «Հալալ» սերտիֆիկացում (կամավոր է, ինչը հավաստում է, որ արտադրանքը կարող է օրինականորեն սպառվել մահմեդականների կողմից)։
«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաքննության արդյունքում նմուշում խախտումներ չեն հայտնաբերվել։ ՍԱՏՄ-ն այս ապրանքը չի փորձաքննել։
Նմուշ N 4
Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության «Էրեբունի» պաղեցված հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 15.05.2023։ Պիտանելիության ժամկետը՝ 5 օր։
Այն փաթեթավորված չէր, բայց ուներ անասնաբուժական 5-րդ ձևի փաստաթուղթը, ինչը վկայում է, որ այն սպանդանոցային ծագման միս է։ 5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարը լրացնում և տալիս է իրացնողին։ Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
ՍԱՏՄ իրականացրած լաբորատոր փորձաքննության արդյունքում նմուշում հայտնաբերվել է ՄԱՖԱՄ, որի քանակը 110 անգամ գերազանցել է թույլատրելի նորման։
«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաքննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։
ՄԱՖԱՄ-(մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։
Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։
Մանրէները կարող են լինել ախտածին և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։
Նմուշ N 5
Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ընկերության պաղեցված 1-ին կարգի բրոյլեր հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 16.05.2023։ Պիտանելիության ժամկետը՝ 5 օր։ Ապրանքն ունի EAC նշան։
«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։ ՍԱՏՄ-ն այս ապրանքը չի փորձաքննել։
Նմուշ N 6
Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Գետամեջի թռչնաբուծական կոմբինատ» ընկերության պաղեցված 1-ին կարգի բրոյլեր հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 15.05.2023։ Պիտանելիության ժամկետը՝ 5 օր։
Լաբորատոր փորձաքննության արդյունքում ՍԱՏՄ-ն այս ապրանքում հայտնաբերել է ախտածին սալմոնելաներ։
«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Փորձաքննված ոչ մի նմուշում հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։
Հավի մսի շուկայի 30%-ն է տեղական
2022թ․ տվյալներով` Հայաստանում արտադրվել է 15 000 տոննա հավի միս, ներմուծվել ևս 38 000 տոննա։
Վերջին 5 տարվա տվյալների համաձայն՝ Հայաստանում տարեկան սպառվում է 50-55 հազար տոննա հավի միս:
Ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) 2021թ․ ուսումնասիրության՝ Հայաստանում հավի միսը մեծ պահանջարկ ունի։
Սպառողները նախընտրում են տեղական արտադրության հավի միս գնել
ՄՊՆ-ն հարցում է անցկացրել 300 սպառողի շրջանում և պարզել, որ նրանց 79%-ը նախապատվությունը տալիս է տեղական արտադրության թարմ և սառեցված հավի մսին, 19%-ը գնում է թե՛ տեղականը, թե՛ ներմուծվածը, և միայն 2%-ը՝ ներմուծվածը։
2015-2020 թթ․ ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում հավի մսի տեղական արտադրության ծավալն աճել է շուրջ 2,5 անգամ, սակայն հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ 30%:
2020թ․ ներմուծված թռչնամսի 99%-ը եղել է սառեցված։
Ըստ ՄՊՀ-ի՝ մաքսային բարձր դրույքաչափի հետևանքով սառեցված հավի մսի գների բարձրացումն աստիճանաբար կհանգեցնի սառեցված մսի սպառումից հրաժարման և տեղական հավի մսի պահանջարկի բարձրացման, եթե տեղականի գները նույնը մնան։
ՄՊՀ ուսումնասիրության համաձայն՝ նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել թռչնամսի տեղական արտադրության զարգացման և ընդլայնման համար, քանի որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելացել են թռչնամսի սպառման ծավալները, և հիմքեր կան կանխատեսելու, որ արդեն 2030թ․ին աշխարհում մսի արտադրության և իրացման ծավալների մեջ թռչնի միսը կկազմի սպիտակուցի պարունակությամբ մսի ընդհանուր ծավալի 41%-ը:
«ՀԱԲԼԾԿ»-ի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը՝ այստեղ
«Ստանդարտ Դիալոգ»-ի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը՝ այստեղ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել