HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հինգ հայ աշակերտ կմասնակցի Բրատիսլավայում կայանալիք Միջազգային տնտեսագիտական օլիմպիադային

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքների ամփոփմանը: 

Նախարարության հաղորդմամբ՝ օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող են ճանաչվել 5 մասնակից, որոնք սեպտեմբերին Բրատիսլավայում մասնակցելու են միջազգային փուլին: Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաև ուսանողների շրջանում հայտարարված էսսեների մրցույթի արդյունքները և պարգևատրվել են 8 հաղթող, տեղի է ունեցել նաև ոլորտի զարգացումների ու առկա խնդիրների վերաբերյալ տնտեսագիտական թեմաներով քննարկում: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը  շնորհավորել է օլիմպիադայի մասնակիցներին ու հաջողություն մաղթել նրանց միջազգային փուլում:

«Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մենք կարևորում ենք ֆինանսական գրագիտության բարձրացումը հանրակրթության բոլոր մակարդակներում: Պետք է փաստել, որ ֆինանսական գրագիտությունը ներառում է մի շարք առարկաներ, և շատ կարևոր է, որ աշակերտները հասկանան, թե յուրաքանչյուր առարկայի շրջանակում ձեռք բերած կարողություններն ու հմտություններն ինչպես են կիրառելու իրենց կյանքում, մասնավորապես ինչպես են պլանավորելու իրենց բյուջեն, ծախսերը: Այսօրինակ մրցույթները և օլիմպիադաները խրախուսում են սովորողներին ևս մեկ անգամ ստուգելու իրենց գիտելիքները: Վստահաբար՝ ուսումնառության ընթացքում պաշարած գիտելիքներն ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակներում դրսևորվելու լավ առիթ են ընձեռում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝  այն աշակերտները, որոնք հաջողություն են գրանցել օլիմպիադայի հանրապետական փուլում, կհաջողեն նաև միջազգային հարթակում։

Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել են 10, 11, և 12-րդ դասարանների շուրջ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից:

Մայիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցության իրավունք էին ստացել մարտին անցկացված օլիմպիադայի դպրոցական փուլը հաղթահարած 36 աշակերտներ:

Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կենտրոնական բանկի հետ: 

Օլիմպիադայի միջազգային համակազմակերպիչներն են Տնտեսագիտական կրթության ինստիտուտը (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնությունը (EFI): Նպատակն է դեռահասների շրջանում տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը և ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter