
Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով առնվազն 288 զոհ կա
Առնվազն 288 մարդ է զոհվել և ևս 900-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Հնդկաստանի արևելքում գտնվող Օդիշա նահանգում մի քանի գնացքների բախման հետևանքով։ BBC-ն գրում է, որ նախնական տվյալներով «Շալիմար-Կորոմանդել» գնացքը, տեղի ժամանակով երեկոյան 7-ին, դուրս է եկել ռելսերից, ընդորում մի քանի վագոն հայտնվել է մյուս երկաթուղու վրա, որով ընթանում էր «Եսվանտպուր-Հաորա» ճեպընթացը։
Գնացքը բախվել է վագոններին, որից հետո, ինչպես հայտնում են հնդիկ պաշտոնայները, գրանցվել է ևս մեկ բախում, արդեն բեռնատար գնացքի հետ, որն այդ պահին կանգնած է եղել։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Սա դարձել է 1980-ական թվականներից ի վեր ամենախոշոր երկաթուղային աղետը Հնդկաստանում։ Տեղական իշխանությունների գնահատմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել։
Indian train collision death toll nears 300, another 850 injured https://t.co/Jwiz8Us0JN pic.twitter.com/c4mU5pIE1p
— Reuters (@Reuters) June 3, 2023
Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության ավելի քան 200 մեքենա, լրացուցիչ կանչվել է ավելի քան 100 բժիշկ, փրկված ուղևորներից շատերը, ականատեսների վկայությամբ, փորձել են օգնել նրանց, որոնք հայտնվել էին կողաշրջված վագոններում։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցել է զոհվածների հարազատներին և տուժածներին։ Թվիթերյան իր միկրոբլոգում Հնդկաստանի առաջնորդը գրել է, որ աղետի վայրում իրականացվում են փրկարարական աշխատանքներ և արվում է ամեն ինչ, որպեսզի տուժածներն ստանան անհրաժեշտ օգնություն։
Հնդկական ANI լրատվական գործակալությանը փրկվածներից մեկը պատմել է, որ երբ տեղի է ունեցել վթարը, իր վրա ընկել է 10-15 մարդ։ «Ես վնասել եմ ձեռքս և պարանոցս։ Երբ ես դուրս եկա վագոնից, տեսա, որ ինչ-որ մեկը կորցրել է ձեռքը, մյուսը՝ ոտքը, իսկ ինչ-որ մեկի դեմքն էլ այլանդակվել էր»,- ասել է նա։
Հնդկաստանում է աշխարհի ամենախոշոր երկաթուղային ցանցերից մեկը։ Երկաթուղային վթարներն այս երկրում հաճախակի են, չնայած նրան, որ իշխանությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդնում ենթակառուցվածքների արդիականացման մեջ։
Հնդկաստանի պատմության ամենախոշոր երկաթուղային աղետը տեղի է ունեցել 1981 թվականին, երբ Բիհար նահանգում ցիկլոնի ժամանակ գերծանրաբեռնված գնացքը թռել էր գետը, որի հետևանքով զոհվել էր առնվազն 800 մարդ։
Լուսանկարը՝ AFP/JIJI
Մեկնաբանել