
Ուկրաինան պատրաստ է հակահարձակման. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինան պատրաստ է հակահարձակման, որպեսզի ազատագրի իր տարածքները ռուսաստանցի բռնազավթիչներից, սակայն մեկնարկի ժամկետներն ու մանրամասներն անհայտ են։ Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։
«Մենք խորապես հավատում ենք, որ դա մեզ կհաջողվի։ Ես չգիտեմ, թե դա ինչքան ժամանակ կպահանջի։ Անկեղծ ասած, դա կարող է ընթանալ տարբեր ուղղություններով, բացարձակ տարբեր։ Բայց մենք պատրաստվում ենք անել դա, և մենք պատրաստ ենք»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ուկրաինական բանակը ոչ ամբողջ սպառազինությունն է ստացել, որի հույսն ուներ, սակայն այլևս սպասել չի կարելի։ Հավանաբար, Զելենսկին ակնարկել է կործանիչները, քանի որ ընդգծել է, որ Ռուսաստանն մինչ օրս առավելություն ունի օդում։ «Թշնամու ավիացիայից պաշտպանության բացակայությունը նշանակում է, որ հակահարձակման ժամանակ կզոհվեն շատ զինվորներ»,- հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինական քաղաքական և զինվորական հրամանատարությունը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են հակահարձակման, որպեսզի ազատագրեն ուկրաինական տարածքները։ Լրատվամիջոցներն ի սկզբանե հայտնում էին, որ հակահարձակումը կարող է սկսվել գարնանը։ Սակայն ուկրաինական իշխանությունները ենթադրում են, որ ակտիվ մարտերը կարող են սկսվել ամռանը, սակայն տեղի և ժամկետների վերաբերյալ որևէ մանրամասն չեն հայտնում։ Ընդորում Ուկրաինայում կարծում են, որ հակահարձակումից ակնկալիքները կարող են գերագնահատված լինել։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում նաև նշել են, որ հակահարձակմանը նախապատրաստության կարևոր հանգամանքներից մեկը տեխնիկայի մատակարարումներն ու զինվորականներին ուսուցումն է։ Վերջերս Սպիտակ տանը հայտարարել էին, որ գոհ են Ուկրաինայի ունեցած սպառազինությունից՝ հակահարձակման անցնելուց առաջ։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել