
Եվրոպական տիեզերական գործակալությունը առաջին հեռարձակումն է իրականացրել Մարսի ուղեծրից
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) «Mars Express» ուղեծրային ապարատի 20-ամյակի պատվին, առաջին ուղիղ հեռարձակումն է կազմակերպել այդ մոլորակի ուղեծրից։
Սովորաբար լուսանկարը, որն ստացվում է հեռավոր տիեզերքից, վերլուծության և մշակման երկար ճանապարհ է անցնում, որի պատճառով լուսանկարման և դրանց հրապարակման միջև ժամանակահատվածը կազմում է առնվազն մի քանի օր (որպես բացառություն կարելի է նշել վայրէջքից անմիջապես հետո սարքերից ստացված անհատական կադրերը. դրանք թույլ են տալիս գնահատել լուսանկարների հաջող լինելու աստիճանը)։
Փորձարարական ուղիղ եթերի պարագայում այդ ուշացումը նվազագույնի է հասցվել, չնայած, իհարկե, դեռևս էական է մնում Մարսի և Երկագնդի միջև հսկայական հեռավորության պատճառով: Տեսականորեն, կախված մոլորակների փոխադարձ տեղակայությունից, ուշացումը կարող է կազմել 3-ից մինչև 22 րոպե։ Դա այն ժամանակն է, որը պահանջվում է ռադիոազդակից, որ վիզուալ տեղեկատվությունը մարսյան ապարատներից հասցնի մինչև Երկիր մոլորակ։
«Mars Express»-ի վիզուալ մշտադիտարկման տեսախցիկից ստացվող լուսանկարների փոխանցումը ESA-ն իրականացրել է սկզբում դեպի Երկիր, իսկ այնուհետ այն հեռարձակել յութուբյան ուղիղ եթերի ժամանակ։ Տեսախցիկը լուսանկարներն անում է յուրաքանչյուր 50 վայրկյանը մեկ։ Մոտ 17 րոպե դրանք հասնում էին Երկիր և մոտ մեկ րոպե անց հայտնվում ուղիղ հեռարձակման մեջ։
ESA-ում նշում են, որ մինչ այդ պահը համանման որևէ բան չէր արվել, այդ իսկ պատճառով ուղիղ եթերի ընթացքում հնարավոր էին տեխնիկական անհարթությունները։
Լուսանկարը՝ petapixel.com-ից
Մեկնաբանել