
Կիևի պնդմամբ՝ ավիացիոն կոալիցիային արդեն անդամակցում է եվրոպական 8 երկիր
Եվրոպական 8 երկրներ համաձայնվել են անդամակցել ավիացիոն կոալիցիային, որը Ուկրաինային կտրամադրի մարտական ավիացիա։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
«Ձևավորվել է կոալիցիայի եվրոպական հատվածի հիմքը արդեն 8 երկրի մասնակցությամբ, շուտով ավելի շատ կլինի»,- հայտարարել է Ժովկվան։ Նա նշել է, որ այդ երկրների շարքում են Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Դանիան, Շվեդիան, Բելգիան, Պորտուգալիան և Ֆրանսիան։ «Ֆրանսիայի նախագահի հետ արդեն նույնիսկ ընդունվել է առանձին համատեղ հայտարարություն»,- ընդգծել է Ժովկվան։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս հույս դնել օդաչուների, սպասարկող անձնակազմի պատրաստման ծավալների և մեխանիզմի վերաբերյալ կոնկրետ որոշումների վրա, ինչպես նաև՝ կործանիչների համար պայմանների և համապատասխան ենթակառուցվածքի ստեղծման վրա՝ արդեն Ռամշթայնում Ուկրաինային աջակցության կոնտակտային խմբի հաջորդ նիստի ժամանակ:
Հունիսի 1-ին Մոլդովայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների արդյունքում պաշտպանության նախարարներին հանձնարարել էին ներկայացնել Կիևի համար կործանիչների օդաչուների և ավիամեխանիկների վերապատրաստման ծրագիր։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ավելի վաղ հայտարարել էր, որ Դանիան և Նիդերլանդները կգլխավորեն F-16 կործանիչների կիրառմանը ուկրաինացի օդաչուների նախապատրաստական աշխատանքները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 21-ին հայտարարել էր, որ Արևմուտքը կսկսի ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը չորրորդ սերնդի կործանիչների կառավարման համար, ներառյալ՝ F-16-երի։ Ընդ որում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Վաշինգտոնը առաջիկա ամիսներին կքննարկի դաշնակիցների հետ, թե որ երկրները Կիևին կփոխանցեն F-16 կործանիչներ։
Լուսանկարը՝ af.mil-ից
Մեկնաբանել