
Ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի է ունեցել միջադեպ։ Տեսանյութում, մասնավորեպս, երևում է, թե ինչպես է ոստիկանը հարվածում քաղաքացուն, որն էլ հարվածից ընկնում է գետնին ու որոշ ժամանակ չի կարողանում բարձրանալ։ Դեպքի առթիվ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
«Միջադեպից քիչ անց տեղեկություն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:
Նշանակվել է ծառայական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հայտնում է․
«Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող՝ Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։
Նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»։
Մեկնաբանել