
Դնեպրոպետրովսկի մարզում հրթիռակոծվել է բնակելի շենքերից մեկը. կա զոհ և տասնյակ տուժածներ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պոդգորոդնենցկի համայնքում հունիսի 3-ի ուշ երեկոյան հրթիռակոծության հետևանքով վնասված բնակելի շենքի փլատակներից երկու տարեկան աղջնակի մարմին է դուրս բերվել։ Այդ մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փլատակների տակ դեռևս մարդիկ կան։
Լիսակի տվյալներով՝ տուժածների թիվը հասել է մինչև 22-ի, որից 5-ը՝ երեխաներ են։
«Երկու երկհարկանիները, որոնց միջև ընկել է թշնամական հրթիռը, մասամբ ավերվել են։ Վնասվել է նաև 10 մասնավոր տուն, ավտոմեքենա, խանութ, գազախողովակներ»,- գրել է Լիսակը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս հայտարարել է, որ հրթիռն ընկել է բնակելի երկու շենքերի միջև՝ հրապարակելով փլատակներում որոնողական աշխատանքները։
Լիսակը նաև հայտնել է, որ գիշերը Դնեպրոպետրովսկի մարզի երկնքում խոցվել է 2 թևավոր հրթիռ ու 1 անօդաչու։ Մարզային վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Նիկոպոլի հրետակոծության հետևանքով վնասվել է 3 բազմահարկ շենք, ռեստորան և էլեկտրահաղորդման գիծ։ Զոհեր չկան։
Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել հարվածը։
Մայիսի վերջին 4 մարդ էլ զոհվել էր Դնեպրում բուժհաստատության հրթիռակոծման հետևանքով։
Լուսանկարը՝ Սերգեյ Լիսակի տելեգրամյան ալիքից
Մեկնաբանել