HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինդոնեզիան առաջարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման սեփական բանաձևը

Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն անվտանգության հարցերով «Շանգրի-Լա երկխոսություն» համաժողովի ժամանակ, որն ընթանում է Սինգապուրում, առաջարկել է Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման սեփական նախագիծը։ Այդ մասին հայտնում է Meduza-ն։ 

Ինդոնեզական խաղաղության բանաձևի հիմնական կետերն են.

  • երկու կողմերից կրակի անհապաղ դադարեցում,
  • ապառազմականացված գոտու ստեղծում։ Յուրաքանչյուր կողմ պետք է իր ընթացիկ դիրքերից հետքաշվի 15 կիլոմետրով։ 
  • այդ գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում,
  • ՄԱԿ-ի միջնորդությամբ «վիճելի տարածքներում» հանրաքվեների անցկացում (թե սրանք կոնկրետ որ տարածքներն են, Սուբիանտոն չի մանրամասնել):

Ինդոնեզիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ «առաջարկվող միջոցներն արդեն ցույց են տվել պատմության ընթացքում իրենց արդյունավետությունը», այդ թվում Կորեական թերակղզում։ «Այո, Կորեայում հակամարտությունը մինչ օրս մշտական լուծման կարիք ունի։ Սակայն 50 տարի շարունակ մենք ունենք որոշակի խաղաղություն, ինչն ավելի լավ է, քան զանգվածային ավերածություններն ու անմեղ մարդկանց սպանությունները»,- հավելել է նա։

Ավելի ուշ Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն արձագանքել էր Ինդոնեզիայի առաջարկին՝ նշելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չկան վիճելի տարածքներ։ «Իրագործելով ագրեսիվ գործողություն՝ ՌԴ-ն բռնազավթել է Ղրիմը, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժյեի և Խերսոնի մարզերի հատվածներ։ Դա փաստ է, որը գրանցված է ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում»,- գրել էր Նիկոլենկոն։ Նա նաև հավելել է, որ երկարաժամկետ խաղաղությունը պետք է ձեռք բերվի միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման դեպքում։

Մայիսին Politico պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ն հավանական է համարում ռուս-ուկրաինական պատերազմի վերածումը սառեցված հակամարտության, որը տարիներ կամ տասնամյակներ շարունակ կմնա այդպիսին, ինչպես, օրինակ, Կորեական թերակղզու հակամարտությունը։ Իր հերթին Մոսկվան և Կիևը հանդես էին եկել հակամարտության սառեցման դեմ։

Նույն ամսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը դեմ չէ խաղաղության բանակցություններին, բայց պատրաստ չէ տարածքային որևէ զիջման։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter