
ԵՄ-ն Սերբիային և Կոսովոյին սպառնում է «բացասական հետևանքներով»
Եվրամիությունը Սերբիային և Կոսովոյին սպառնում է բացասական հետևանքներով այն անկարգությունների համար, որոնք մայիսի վերջին գրանցվել էին Կոսովոյի հյուսիսային շրջաններում գտնվող սերբական համայնքներում։ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ նշվում է, որ եթե չհաջողվի տարածաշրջանում նվազեցնել լարվածությունը, ԵՄ-ն կձեռնարկի կոնկրետ գործողություններ, որոնք երկու կողմերի վրա էլ կունենան բացասական ազդեցություն։
Թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը, հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն, ինչպես նշում է dpa գործակալությունը, հնարավոր է խոսքը ֆինանսական օգնության կրճատման մասին է, որը ստանում են երկու երկրները՝ լինելով Եվրամիության անդամակցության թեկնածու երկրներ։ Բացի այդ, ԵՄ-ն կարող է կրճատել համագործակցությունը Բելգրադի և Պրիշտինայի հետ։
The EU calls for immediate de-escalation, new local elections in the 4 municipalities in the north of Kosovo, and engagement in the EU-facilitated Dialogue
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) June 3, 2023
We are ready to implement resolute measures if Kosovo and Serbia do not immediately de-escalate tensions
Full Statement ↓ https://t.co/D6MLASaX0Q
Անդրադառնալով Կոսովոյի հյուսիսում տեղի ունեցած անկարգություններին՝ Բորելը հայտարարել է, որ «բռնությունը կարող էր կանխարգելվել և չպետք է թույլատրվի ապագայում»։ Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն Կոսովոյին և Սերբիային կոչ է անում անհապաղ և առանց որևէ նախապայմանների նպաստել իրավիճակի լարվածության թուլացմանը և զերծ մնալ ավելորդ հռետորաբանությունից ու չհամակարգված գործողություններից։
Պրիշտինայի իշխանություններին Եվրամիությունը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել ոստիկանական գործողությունները երկրի հյուսիսում գտնվող վարչական շենքերից ոչ հեռու և հնարավորինս արագ կազմակերպել նոր ընտրություններ այդ շրջանում: Ինչ վերաբերում է հակամարտության մյուս կողմին, ապա Բրյուսելում ակնկալում են, որ տարածաշրջանում ապրող սերբերը կմասնակցեն այդ ընտրություններին։
Բացի այդ, ԵՄ-ն կոչ է արել անհապաղ սկսել առավելապես սերբ բնակչությամբ համայնքների միավորման ձևավորումը, որը որոշվել էր ստեղծել դեռևս մի քանի տարի առաջ՝ Սերբիայի և Կոսովոյի միջև խաղաղության բանակցությունների ժամանակ: ԵՄ-ում այդ միավորման բացակայությունը համարում են վերջին անկարգությունների պատճառներից մեկը։
Լուսանկարը՝ Olivier Matthys/Pool via REUTERS
Մեկնաբանել