HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Մենք իրավունք չունենք որոշել ԼՂ կարգավիճակը». Արարատ Միրզոյան

«Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագան բանակցելու և, ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը։ Այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացնում և չենք էլ փորձում այդպիսի բան անել»,- այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ ԱԳ նախարարի՝ միակ բանը, որ փորձում են ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, այն է, որ ՀՀ կառավարությունը համարում է՝ այդ կարգավորումն իրատեսական չի կարող լինել, եթե չի ստեղծվում մի հարթակ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են ԼՂ ժողովրդի, նրա ապագայի համար։

«Կրկնում եմ՝ մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում, և այդպիսի հավակնություն էլ չունենք, ոչ էլ որևէ այլ բան։ Որպեսզի կարգավորումը, խաղաղությունը, եթե այն հնարավոր լինի հաստատել, լինի աշխատող, կայուն, երկարատև, պետք է, որ առկա խնդիրները հասցեագրվեն, իսկ այդ խնդիրները կան։ Որևէ մեկն աշխարհում չի կարող ժխտել, որ ԼՂ ժողովրդի անվտանգության, իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր, Լաչինի միջանցքի բլոկադան է դրա մասին վկայում, գազի, էլեկտրաէներգիայի խափանումները։ Այդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն ոչ մեր կողմից, ԼՂ ժողովրդի կողմից, ԼՂ ընտրված մարմինների և լիազոր ինստիտուտների կողմից։ Մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեխանիզմը, հարթակը»,- նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ միմյանց՝ 86 600 քկմ և 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելը քաղաքական հայտարարություն է այն մասին, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանից։

Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, ըստ նախարարի, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա։

«Կա հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ։ Վերջին քննարկման ժամանակ Քիշնևում Ադրբեջանի նախագահը առարկություն չի հայտնել 1975թ. քարտեզի վերաբերյալ, խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ողջ միջազգային հանրության և ՀՀ կողմից ըմբռնում և պատրաստակամություն կա շարունակել աշխատանքներն այդ քարտեզով... Մտահոգություններ ունենք, որ կանխամտածված կերպով փորձ է արվում Հայաստանից նորանոր տարածքներ պոկել, մի դեպքում՝ փոքր, մի դեպքում՝ մեծ։ Մենք շահագրգռված ենք, որ այդ սահմանագիծը որքան հնարավոր է հստակ և շուտ ֆիքսվի»։

Խոսելով անկլավների մասին՝ Միրզոյանը նշեց, որ անկլավների ծագման իրավական հիմքերը դեռ ուսումնասիրության կարիք ունեն. «Քաղաքական առումով մենք գիտենք, որ Խորհրդային Հայաստանի վերջին շրջանում այդպիսի անկլավներ գոյություն են ունեցել։ Կարծում եմ, որ սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը։ Հնչեցված 86 600 քկմ-ն, ըստ էության, ներառում է այդ անկլավները, բայց կրկնում եմ՝ իրավական հիմքեր գոյություն ունեն, պետք է նայվի, ուսումնասիրվի»։

Անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ Միրզոյանը նշեց, որ Թուրքիայի կողմից նախապայմաններ երբևէ չեն առաջադրվել։ 

«Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման գործընթացը երբևէ այս քննարկումների մաս չի կազմել»,- հայտնեց ԱԳ նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter