
Կարկուտից տուժած գյուղացիները բողոքի ակցիա են իրականացրել
Երեկ երեկոյան ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում: Լուրջ վնասներ են կրել Մեծամոր խոշորացված համայնքի Եղեգնուտ, Զարթոնք, Արգավանդ, Արտաշար գյուղերի ցանքատարածություններն ու այգիները:
Եղեգնուտ գյուղի հողօգտագործողներն այսօր փակել էին Արմավիր-Զարթոնք ավտոճանապարհը՝ պահանջելով կատարել վնասների ուսումնասիրություն և փոխհատուցում:
Ցուցարարներից Արտյոմ Մնացականյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տարածքում եղել են հակակարկտային կայաններ, սակայն գործի են դրվել կարկուտից 40 րոպե անց:
«Մեզ մոտ եկավ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արբակ Եղիազարյանը: 3 օր ժամանակ ենք տվել, որ հարցով զբաղվեն, դրանից հետո պարզ կլինեն մեր անելիքները»,- ասաց Ա. Մնացականյանը:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն ասաց, որ համայնքային հանձնաժողովներն աշխատում են գյուղերում, արձանագրում են վնասները, որից հետո կունենան վնասների չափերի ամբողջական պատկեր:
Մեկնաբանել