
Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է որոշ ուղղություններով հարձակման անցնելու մասին
Ուկրաինայի զինված ուժերը որոշ ուղղություններով հարձակման են անցել։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը։
«Մարտական գործողությունների էպիկենտրոնը մնում է Բախմուտի ուղղությունը։ Այնտեղ մենք շարժվում ենք բավական լայն ճակատով։ Հաջողություններ ունենք։ Զբաղեցնում ենք գերակա դիրքեր»,- գրել է Մալյարը։
Այսպես, ըստ նրա, «Խորտիցա» զորախումբը առաջ է շարժվել Օրեխովո-Վասիլևկա, Պրասկովևկա, Իվանովսկոյե և Կլեշեևկա գյուղերի շրջանում, իսկ որոշ հատվածներում՝ ընդհուպ 1600 մետր։
Մալյարը նշել է, որ Ուկրաինայի հարավում ընթանում են տեղային նշանակության մարտեր, իսկ ՌԴ ՊՆ-ն ակտիվորեն խոսում է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մասին, որպեսզի «շեղի ուշադրությունը Բախմուտի ուղղությամբ պարտությունից»։
Աննա Մալյարը հրապարակել է նաև քարտեզ, որտեղ Բախմուտը, որը գրավվել է ռուսական զորքերի կողմից, նշված է կարմիր գծով։ Նախարարի տեղակալը որևէ մեկնաբանություն այդ քարտեզի մասով չի արել։ Ուկրաինական լրատվամիջոցները հավանական են համարում, որ այդպես պաշտպանության փոխնախարարն ակնարկել է Բախմուտի շրջափակումն ուկրաինական զինուժի կողմից։
Լուսանկարը՝ Viacheslav Ratynskyi/Reuters
Մեկնաբանել