HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է։ Այդ մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը։ Նրա խոսքով, սակայն, անհնար է կանխատեսել, թե ինչքան կտևի այդ գործընթացը։

«Մենք անխուսափելի ենք համարում խաղաղության հասնելը՝ միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան։ Պետք է նախապատրաստվի ու ստորագրվի խաղաղության պայմանագիր և համաձայնագիր միջպետական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Անհնար է կանխատեսել, թե ինչքան կտևի այդ գործընթացը»,- ասել է Բայրամովը։ 

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ առաջիկայում Վաշինգտոնում կկայանա բանակցությունների ևս մեկ փուլ։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրում դեռևս կան կետեր, որոնք չեն համաձայնեցվել երկու կողմերի միջև, այդ իսկ պատճառով քննարկումները շարունակվում են։

Բայրամովը նաև պնդել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախաձեռնությունը եղել է ադրբեջանական կողմինը։ Ըստ նրա՝ բազային սկզբունքներն առաջարկվել են Ադրբեջանի կողմից և խաղաղության պայմանագրի առաջին նախագիծը ներկայացրել է Բաքուն։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր նաև, որ Երևանի ու Բաքվի միջև չկա պայմանավորվածություն 1975 թվականի կոնկրետ քարտեզով սահմանների սահմանազատման մասին։ Բաքվում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն անընդունելի էին անվանել՝ նշելով, որ վերջինս «փորձում է մոլորեցնել ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ հայ հանրությանը»։

Հիշեցնենք, նախօրեին Արմեն Գրիգորյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որտեղ նշել էր, որ Քիշնևում առնվազն սահմանազատման և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունեն։ «Մենք չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը, բայց առաջընթաց ունենք», - նշել էր ԱԽ քարտուղարը։

Ճշտող այն հարցին, թե կողմերն արդյոք համաձայնե՞լ են 1975 թվականի քարտեզները հիմք ընդունել, Արմեն Գրիգորյանը նշել էր․ «Դա ավելի ուժեղ ձևակերպում է, քան քննարկումներ են եղել, իդեալական կլիներ, որ այդպես լիներ, բայց դեռևս այդ մակարդակին չենք հասել և շարունակելու ենք բանակցությունները, որ հասնենք դրան»։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter