
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Չինաստանում արդյունավետ բանակցությունների մասին
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դենիել Քրիթենբրինքը և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի Չինաստանի և Թայվանի հարցերով ավագ տնօրեն Սարա Բերանը Պեկինում «բաց և արդյունավետ» խորհրդակցություններ են անցկացրել չինացի գործընկերների հետ։ Այդ մասին նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության գրավոր հայտարարության մեջ։
Չինական կողմից բանակցություններին մասնակցել են Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Մա Չժաոսյույը և Չինաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի և Օվկիանայի դեպարտամենտի ղեկավար Յան Տաոն։ Բանակցություններին մասնակցել է նաև Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բերնսը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, ամերիկյան պաշտոնյաները հունիսի 5-ին Պեկինում հանդիպումներ են ունեցել Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Տեղի են ունեցել անկեղծ և արդյունավետ քննարկումներ՝ կապի բաց գծերի պահպանմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակներում, ինչպես նաև երկու երկրների միջև վերջերս բարձր մակարդակի դիվանագիտական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ»,- նշվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Համաձայն առկա տեղեկատվության՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, Թայվանի նեղուցում իրավիճակի, կապի ալիքների և այլ հարցերի վերաբերյալ։ Դրանց մանրամասներ ամերիկյան կողմը չի փոխանցում։ «Ամերիկացի պաշտոնյաները հստակ հասկացրել են, որ Միացյալ Նահանգները վճռականորեն կմրցակցեն և կպաշտպանեն ԱՄՆ շահերն ու արժեքները»,- ընդգծել է Պետքարտուղարությունը։
Լուսանկարը՝ REUTERS/Aly Song
Մեկնաբանել