
Գերմանիան կարող է մտափոխվել և Ուկրաինային տրամադրել F-16 կործանիչներ
Բեռլինը կարող է փոխել իր դիրքորոշումը Կիևին F-16 կործանիչների մատակարարման մասով։ Այդ մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նրա խոսքով՝ հիմա Գերմանիան գտնվում է «վերաիմաստավորման փուլում»։
«Հիմա մենք գտնվում ենք վերաիմաստավորման փուլում և ստուգում ենք, թե ինչ է հնարավոր, ինչ ենք մենք ուզում և ինչ կարող ենք անել»,- ասել է Պիստորիուսը։
Նա ենթադրել է, որ Բեռլինը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կկողմնորոշվի մատակարարումների հարցի մասով։ Դրան զուգահեռ Գերմանիայի պաշտպանության նախարարը հերքել է Կիևին տեսանելի ապագայում Taurus թևավոր հրթիռների փոխանցման հնարավորությունը։
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի տարածքում գերմանական զենքի կիրառմանը, ապա, նրա խոսքով, միջազգային իրավունքը թույլ է տալիս անել դա ինքնապաշտպանության համար։ Ընդ որում, ինչպես նշել է նախարարը, Գերմանիան, ինչպես և ԱՄՆ-ն, մշտապես ընդգծել է, որ չէր ցանկանա, որ իր զենքը կիրառվի ռուս-ուկրաինական սահմանից այն կողմ, չնայած «ամբողջությամբ վստահում են ուկրաինացի գործընկերներին»։
Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը, ամռանը հակահարձակման ժամանակ, չեն կարողանա կիրառել F-16 կործանիչները, քանի որ օդաչուների և ինժեներների վերապատրաստման համար ժամանակ է անհրաժեշտ։ Նա հավելել էր, որ այդ կործանիչները հնարավոր կլինի կիրառել աշնանը կամ ձմռանը։
Լուսանկարը՝ Droese/Imago
Մեկնաբանել