
Վրաստանում մտադիր են նոր միջազգային օդանավակայան կառուցել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայանի կառուցման որոշման մասին։
«Մենք եկել ենք նոր օդանավակայանի կառուցման անհրաժեշտության որոշմանը, որը կլինի միջազգային, ժամանակակից մակարդակի։ Դրա համար ամենաօպտիմալ վայրը թվում է Վազիանին՝ նախկին օդակայանը։ Ցանկանում ենք մեզ մոտ հրավիրել լավագույն ճարտարապետներին, նախագծողներին և մասնագետներին, որպեսզի ուսումնասիրենք այս վայրը և վերջնական որոշում կայացնենք»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ ի սկզբանե պլանավորվում էր իրականացնել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի արդիականացում և ընդլայնում, սակայն որոշակի սահմանափակումների պատճառով որոշվել է նոր վայրում նոր օդանավակայան կառուցել։
Վազիանին ռազմավարական նշանակության կարևոր ռազմական ավիաբազա է, որը գտնվում է Վրաստանի մայրաքաղաքից 20 կիլոմետր դեպի արևելք։ Այնտեղ սովորաբար անցկացվում են միջազգային զորավարժություններ։
Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կառավարվում է թուրքական TAV Airports հոլդինգի կողմից և արդիականացվել է 2007 թվականին։
Լուսանկարը՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանը/tbilisiairport.com-ից
Մեկնաբանել